Նոյեմբերի 9-ի փաստաթղթի 9-րդ կետը չանելով՝ այդ մարդը ամեն ինչ արեց, որ Ադրբեջանի ձեռքը կռվան տա՝ վերացնելու Արցախը. Արա Սահակյան

«Նոյեմբերի 9-ի փաստաթղթի 9-րդ կետի էությունը հետևյալն է, որ Ադրբեջանը ստանում է Նախիջևանի հետ Հայաստանի տարածքով տրանսպորտային հաղորդակցության իրավունք, և Հայաստանը դա ստորագրել է: Հայաստանը նաև ասել է, որ ինքը ստանձնում է այդ բեռների, շարժակազմերի, մարդկանց անվտանգությունը: Հավանաբար այդ քննարկման ժամանակ հարց է առաջացել՝ իսկ ինչպե՞ս վերահսկենք, որ Հայաստանն իր խոստումը կկատարի: Այստեղ հանդես է եկել միջնորդը՝ Ռուսաստանը, ով ասել է՝ ես այդտեղ ունեմ սահմանապահ ծառայություն, հայ-իրանական սահմանը ես եմ վերահսկում, ես կարող եմ ինձ վրա վերցնել վերահսկողությունը»,- «Պրեսսինգ» հաղորդաշարի ընթացքում ասաց Սաթիկ Սեյրանյանի հյուրը՝ 1992-1998թթ. Հայաստանի խորհրդարանի փոխնախագահ, արտակարգ և լիազոր դեսպան Արա Սահակյանը:

Նրա խոսքով՝ դա նշանակում է, որ Ռուսաստանը պետք է վերահսկեր իրավիճակը տեխնիկական, ռազմական ու էկոլոգիական տեսանկյունից:

«Ռուսաստանն ինչ-որ իմաստով դարձել է Հայաստանի պարտավորության երաշխավորը»,- ասաց Արա Սահակյանը՝ հավելելով՝ այդ մարդը՝ Փաշինյանը, նոյեմբերի 9-ի հայտարարության տակ ստորագրելով՝ Ադրբեջանին ասել է՝ դու իրավունք ունես իմ տարածքով գնալ Նախիջևան, իսկ Նախիջևանից իրավունք ունեն իմ տարածքով գնալ Ադրբեջանի հիմնական տարածք։ Ավելին, նա խոստացել է նաև, բացի հիմնական ճանապարհից, այլ ճանապարհներ էլ կառուցել։

Հիշեցնենք, որ 2020թ. նոյեմբերի 9-ին Նիկոլ Փաշինյանը, Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը ստորագրեցին եռակողմ համաձայնագիր, որի 9-րդ կետում ասվում է.

«9. Ապաշրջափակվում են տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը: Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը՝ քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու նպատակով: Տրանսպորտային հաղորդակցության նկատմամբ վերահսկողությունն իրականացնում են Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայության մարմինները:

Կողմերի միջև համաձայնեցմամբ՝ ապահովվելու է Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունն Ադրբեջանի արևմտյան շրջանների հետ կապող նոր տրանսպորտային հաղորդակցությունների շինարարությունը»:

«Երբ նա սկսեց 9-րդ կետի շուրջ «նեյնիմները», Ադրբեջանին քաղաքական ու բարոյական հնարավորություն տվեց ոչնչացնել Լաչինի միջանցքը, որն ավարտվեց Արցախի հայաթափմամբ։ Այս մարդն ամեն ինչ արեց, որ Ադրբեջանին տա կռվան՝ վերացնելու Արցախի հայությանն Արցախից։ Այս ամենը նա արեց՝ չկատարելով եռակողմ հայտարարության 9-րդ կետը։ Հիմա էլ Ադրբեջանն ասում է՝ շատ լավ, Զանգեզուրի միջանցքը չես տալիս, ճանապարհ կտաս Երևանով»,- նշեց Արա Սահակյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս