Եվրախորհրդարանն ընտրեց Հարավային Կովկասի երկրների հետ հարաբերությունների հարցերով պատվիրակության նախագահին և փոխնախագահներին
Եվրոպական խորհրդարանն ընտրեց Հարավային Կովկասի երկրների հետ հարաբերությունների հարցերով պատվիրակության նախագահին եւ երկու փոխնախագահներին։
Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ պատվիրակության նախագահ ընտրվեց լատվիացի պատգամավոր Նիլս Ուշակովսը։ Ֆրանսիացի եվրախորհրդարանական Նատալի Լուազոն եւ լեհ պատգամավոր Միխալ Շտերբան ընտրվեցին պատվիրակության փոխնախագահներ։
Հարավային Կովկասի պատվիրակության նախագահը մեծ պատիվ համարեց այս պաշտոնը ստանձնելը եւ շնորհակալություն հայտնեց վստահության համար։ Նշելով, որ տարածաշրջանը բազմաթիվ հակամարտությունների թատերաբեմ է եղել՝ նա ընդգծեց, որ հիմա գոյություն ունի աշխարհաքաղաքական նոր միջավայր, որն անմիջական ազդեցություն ունի ԵՄ-ի հետ հարաբերությունների վրա։
«Հարավային Կովկասն ունի տնտեսական, ռազմավարական եւ տնտեսական ներուժ, եւ կարեւոր է ամրապնդել երկխոսությունն ու համագործակցությունն անվտանգության, օրենքի գերակայության եւ հանրային ազատությունների ոլորտներում։ Ես կաշխատեմ ձեզ հետ Հարավային Կովկասի ավելի բարեկեցիկ ապագայի համար», – ընտրվելուց հետո Եվրոպական խորհրդարանի իր գործընկերներին ասաց Նիլս Ուշակովսը։
Փոխնախագահներ Լուազոն եւ Շտերբան եւս իրենց պաշտոնների ստանձնումը մեծ պատիվ համարեցին։
Լիլիթ Գասպարյան