Բաժիններ՝

Իսրայելը հայտնել է Բեյրութում «Հեզբոլլահ»-ի զենքի արտադրության օբյեկտներին հարվածելու մասին

Վերջին օրերի ընթացքում Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ) մի շարք թիրախային հարվածներ է հասցրել Բեյրութի շրջանում «Հեզբոլլահ»-ի զենքի արտադրության օբյեկտներին:

Այս մասին ասված է ԻՊԲ-ի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

«Վերջին մի քանի օրվա ընթացքում Իսրայելի ռազմաօդային ուժերի կործանիչները, առաջնորդվելով ԻՊԲ-ի ճշգրիտ հետախուզական տվյալներով, մի շարք թիրախային հարվածներ են հասցրել Բեյրութի շրջանում զենքի արտադրության մի քանի օբյեկտների և այդ շրջանում ահաբեկչական այլ ենթակառուցվածքների», – նշվում է հոկտեմբերի 2-ին տարածված հայտարարության մեջ:

ԻՊԲ-ն պնդում է, որ հարված հասցնելուց առաջ ձեռնարկվել են անհրաժեշտ միջոցներ՝ նվազեցնելու քաղաքացիական բնակչությանը վնաս պատճառելու վտանգը, ներառյալ՝ վտանգի մասին նախազգուշացումը համապատասխան շրջաններում:

Իր հերթին Euronews-ը հաղորդում է, որ հոկտեմբերի 2-ի վաղ առավոտյան Բեյրութում պայթյուններ են լսվել, քաղաքում ծուխ է նկատվել։ Բեյրութի հարավային արվարձանների որոշ հատվածներում բնակիչներին կոչ են արել տարհանվել։ Իսկ Al Mayadeen հեռուստաալիքը հաղորդել է, որ Լիբանանի մայրաքաղաքի հարավային ծայրամասում չորս բնակելի շենք է ավերվել, ևս մի քանի շենքերում հրդեհներ են բռնկվել։

Հոկտեմբերի 1-ի գիշերը ռմբակոծության հետևանքով Բեյրութի հարավային ծայրամասի Էլ Մրեյջի շրջանում ավերվել է ութ շենքերից բաղկացած բնակելի համալիրը։Իսրայելը սեպտեմբերի 23-ից ավիահարվածներ է հասցնում Լիբանանին, իսկ հոկտեմբերի 1-ին հայտարարել է այնտեղ ցամաքային գործողություն սկսելու մասին։

Ըստ Լիբանանի կառավարության՝ իսրայելական հարվածներից վերջին մեկ տարվա ընթացքում Լիբանանում գրեթե 1900 մարդ է զոհվել, ավելի քան 9000-ը՝ վիրավորվել, նրանց մեծ մասը՝ վերջին երկու շաբաթվա ընթացքում։ 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս