ՄԱԿ հատուկ զեկուցողը միջազգային հանրությանը հորդորել է լսելի դարձնել ԼՂ–ից բռնի տեղահանված անձանց ձայնը
Ճշմարտության, արդարության, հատուցման և չկրկնվելու երաշխիքների խթանման հարցերով ՄԱԿ հատուկ զեկուցող Ֆաբիան Սալվիոլին իր զեկույցում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից իրականացրած էթնիկ զտումներին, բռնի տեղահանված անձանց:
ԼՂ փախստականների իրավապաշտպան միությունը ներկայացրել է Սալվիոլիի՝2023 թ․ նոյեմբերի 16-ից 24-ը Հայաստան կատարած այցի վերաբերյալ զեկույցը։
Զեկույցում ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից իրականացրած էթնիկ զտումներին, նշել է, որ իր այցը համընկել է ԼՂ-ից հազարավոր հայերի բռնի տեղահանման հետ։ Նա հավելել է, որ ականատես է եղել բռնի տեղահանված բնակչության ցավին և հրատապ կարիքներին։ Սալվիոլին շեշտել է, որ արցախահայերի համար հրատապ խնդիր է Լեռնային Ղարաբաղում մնացած փաստաթղթերի հասանելիությունը, իրենց հարազատների գերեզմանոցների և մշակութային ժառանգության պահպանությունը։
Ճշմարտության, արդարության, հատուցման և չկրկնվելու երաշխիքների խթանման հարցերով ՄԱԿ հատուկ զեկուցողը հորդորել է միջազգային հանրության համապատասխան անդամներին և խնդրի հետ կապ ունեցող մյուս կողմերին լսելի դարձնել ԼՂ բնակչության ձայնը։
Վերջինս այս գործընթացին առնչվող միջազգային հանրության անդամներին և բանակցության կողմերին կոչ է արել ապահովել, որպեսզի Լեռնային Ղարաբաղին վերաբերող ցանկացած քննարկում կամ համաձայնագիր ներառի ճշմարտության մեխանիզմների ընդունում, մեղավորների հանդեպ քրեական պատասխանատվության կիրառում, վնասի փոխհատուցում, տեղահանված բնակչության արխիվների և մշակութային ժառանգության պահպանում, ինչպես նաև այդ ամենը չկրկնվելու երաշխիքներ։
Սալվիոլին շեշտել է, որ նման մեխանիզմները պետք է ստեղծվեն միջազգային երաշխիքների ներքո՝ բոլոր կողմերի անաչառությունն ու վստահությունը ապահովելու և բռնության կրկնությունը կանխելու նպատակով։ Նա միջազգային հանրության ուշադրությանն է հրավիրել և հիշեցրել, որ բոլոր քննարկումների և ապագա համաձայնագրերի մեջ պետք է արտացոլվեն և դրանց համար հիմք հանդիսանան անցումային արդարադատության միջազգային չափանիշները:
Լեռնային Ղարաբաղի փախստականների իրավապաշտպան միությունը ողջունում է Ճշմարտության, արդարության, հատուցման և չկրկնվելու երաշխիքների խթանման հարցերով ՄԱԿ հատուկ զեկուցողի կատարած անաչառ և արդարամիտ վերլուծությունները և լիահույս է, որ այս հայտարարությունները հիմք կհանդիսանան գործընթացի արդարացի լուծման համար։
Այսօր Ադրբեջանը շարունակում է վարել հայատյաց ու մշակութասպան քաղաքականություն՝ անտեսելով միջազգային հանրության բոլոր մեղադրանքներն ու կոչերը, հաճախ իրեն չվերագրելով ոչ հասեցագրված զեկույցներն ու կոչերը։ Լեռնային Ղարաբաղի փախստականների իրավապաշտպան միությունը կոչ է անում Ադրբեջանի նման վարքագիծը խոչընդոտելու համար կատարել թիրախային և անվանական շեշտադրումներ։