Ինչպե՞ս կդասավորվի Փարսյանի ճակատագիրը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեկ շաբաթ առաջ իրավապահներն առգրավեցին Կապանի համայնքապետարանի սուբվենցիոն ծրագրերի գնումների փաստաթղթերը, կապարակնքեցին համայնքապետ Գեւորգ Փարսյանի ընտանեկան «Նորոգշին» ընկերությունը: Սակայն գործի մասին որեւէ մանրամասն չեն հայտնում։ Քննչական կոմիտեից երեկ ուղղորդեցին Հակակոռուպցիոն, այնտեղից ասացին, որ իրենց վարույթում նման գործ չկա։ Մինչդեռ Փարսյանն անձամբ է հաստատել, որ իրավապահներն իրեն են ներկայացրել քրեական վարույթ նախաձեռնելու մասին որոշումը եւ փաստաթղթեր են առգրավել համայնքապետարանից։

Մեր աղբյուրն ասում է, որ համայնքապետարանում անցած շաբաթվանից լարված մթնոլորտ է, բոլորը, շունչները պահած, սպասում են, թե ինչպես կդասավորվի Փարսյանի ճակատագիրը։ Համայնքապետն էլ է լարված՝ կա՛մ չի շփվում աշխատակազմի հետ, կա՛մ սուր է արձագանքում: Հայրը՝ Ռազմիկ Փարսյանը, հորդորել է որդուն՝ ազատման դիմում գրել, բայց որդին չի պատրաստվում հանձնվել։

Իսկապես, Փարսյանի հոր եւ նրա մտերիմների ընկերություններն են իրականացնում սուբվենցիոն ծրագրերը՝ մրցույթներում նրանք են շահել, սակայն գործող օրենսդրությունը որեւէ արգելք չի սահմանում, որ համայնքապետի հոր ընկերությունը չի կարող մասնակցել գնումներին եւ չի կարող հաղթել։ Այս պարագայում պետք է կարողանան ապացուցել, որ հաղթանակն արհեստականորեն մատուցվել է «Նորոգշինին», եւ այդտեղ դեր է խաղացել համայնքապետի անձը»:

Տեսանյութեր

Լրահոս