Պաշտպանության ոլորտի ծախսերը նախատեսվում է հաջորդ տարի ավելացել շուրջ 111 միլիարդ դրամով

Պաշտպանության նախարարության 2025թ. ծախսերը նախատեսվում է իրականացնել հինգ ծրագրերի շրջանակներում. դրանց գծով պետական բյուջեով նախատեսվում է 664 միլիարդ 653 միլիոն դրամ, որից ընթացիկ ծախսերի գծով` 256 միլիարդ 970 միլիոն դրամ կամ 38.7 տոկոս, իսկ ոչ ֆինանսական ակտիվների գծով` 407 միլիարդ 683 միլիոն դրամ կամ 61.3 տոկոս: Այս մասին նշված է «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծում։

Ըստ նախագծի՝ ծախսերի աճը ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի նկատմամբ կկազմի 110 միլիարդ 755 միլիոն դրամ: 

«ՀՀ պաշտպանության ապահովում» ծրագիրը ՀՀ ՊՆ համակարգի գործունեությունն ապահովող հիմնական ծրագիրն է, որի շրջանակներում նախատեսվում են ՀՀ զինված ուժերի պահպանման, ռազմական, մարտական տեխնիկայի, տրանսպորտային միջոցների, կապի համակարգի սարքավորումների, զորանոցային և տեխնիկական գույքի, պարենի, հանդերձանքի, վառելիքաքսուքային նյութերի սահմանված պաշարների մակարդակի, զենքի և զինամթերքի հնարավոր ներհանրապետական գնումների, բանակի մարտունակության և կենսաապահովման պահանջների բավարարման ծախսերը:

ՀՀ 2025 թվականի պետական բյուջեով վերոնշյալ ծրագրով նախատեսվել է 660 միլիարդ 912 միլիոն դրամ` ՀՀ 2024 թվականի պետական բյուջեից 110 միլիարդ 981 միլիոն դրամով ավել։ 

«Ռազմաբժշկական սպասարկում և առողջապահական ծառայություններ» ծրագրի գծով ՀՀ 2025 թվականի պետական բյուջեով նախատեսվել է 1 միլիարդ 406 միլիոն դրամ, որի շրջանակներում իրականացվելու են վերականգնողական մասնագիտացված բուժօգնության գծով ծառայությունների տրամադրում, համաճարակային միջոցառումների կազմակերպում, զինվորական հոսպիտալների և բժշկական կետերի սարքավորումների ընթացիկ վերանորոգման և տեխնիկական սպասարկման ծառայություններ:

«Ռազմական ուսուցում և վերապատրաստում» ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել ուսուցում արտերկրի ռազմական ուսումնական հաստատություններում և ակադեմիաներում: ՀՀ 2025 թվականի պետական բյուջեով նախատեսվել է ավելի քան 1 միլիարդ դրամ:

«Միջազգային ռազմական համագործակցություն» ծրագրով ՀՀ 2025 թվականի պետական բյուջեով նախատեսվել է 941.6 միլիոն դրամ, որի շրջանակներում կիրականացվի օտարերկրյա պետություններում ՀՀ ռազմական կցորդների և միջազգային կազմակերպություններում ռազմաքաղաքական և ռազմական ներկայացուցիչների պահպանման ծախսերի ֆինանսավորումը:

Ծախսերը ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի նկատմամբ աճել են 121.5 միլիոն դրամով` պայմանավորված գործուղված կցորդների ընտանիքի անդամների թվի փոփոխությամբ, նոր նշանակումներով և կցորդների ու ներկայացուցիչների ռոտացիոն ծախսերի փոփոխությամբ:

«Հումանիտար ականազերծման և փորձագիտական ծառայություններ» ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել հակաականային գործողությունների ենթակա տարածքի հետազննում, քարտեզագրում, նախատեսվող ծավալի աշխատանքների հստակեցում և իրականացվող միջոցառումների պլանավորում: ՀՀ 2025 թվականի պետական բյուջեով նախատեսվել է 321.1 միլիոն դրամ:

Տեսանյութեր

Լրահոս