ՀԱՄԱՍ-ը և ՖԱԹՀ-ը համաձայնության են եկել Գազայի վարչակազմի շուրջ. ԶԼՄ-ներ
Պաղեստինյան ՀԱՄԱՍ և ՖԱԹՀ մրցակից շարժումները փոխհամաձայնության են եկել Գազայի հատվածի քաղաքացիական վարչակազմին վերաբերող հարցի շուրջ:
Այս մասին տեղեկանում ենք «ՌԻԱ Նովոստի» գործակալությունից:
«ՀԱՄԱՍ»-ի աղբյուրը Al Arabiya-ին հայտնել է Գազայում քաղաքացիական վարչակազմի շուրջ ՖԱԹՀ-ի հետ փոխհամաձայնության հասնելու մասին», – հայտնել է Al Arabiya հեռուստաալիքը։
Ինչպես պարզաբանել է աղբյուրը, ՀԱՄԱՍ-ը չի վերահսկի Գազայի հատվածի հսկիչ անցակետերը։ Նա հավելել է, որ պաղեստինյան երկու շարժումները հաջորդ շաբաթ հանդիպում կանցկացնեն։
Հեռուստաալիքի տեղեկատվությամբ՝ ներկայում շփումներ են անցկացվում պաղեստինցի պաշտոնատար անձանց միջև, որոնք կենտրոնացած են Գազայի հատվածի կառավարման հարցի վրա։
Նշվում է, որ քննարկվող հարցերի թվում է անկախ գործիչներից բաղկացած տեղական վարչակազմը, այդ թվում, երկու շարժումների և մնացած պաղեստինյան խմբակցությունների հավանության դեպքում, տեխնոկրատների կառավարության ստեղծումը։
Օգոստոսի վերջին Պաղեստինի արտաքին գործերի պետնախարար Վարսեն Աղաբեկյան-Շահինը «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել էր, որ պաղեստինյան իշխանությունները ջանքեր են գործադրում, որպեսզի համաձայնության հասնեն Հորդանան գետի Արևմտյան ափին և Գազայի հատվածում միասնական կառավարման շուրջ։
Հուլիսի երկրորդ կեսին պաղեստինյան 14 խմբակցությունների ներկայացուցիչները հռչակագիր ստորագրեցին Պեկինում անցկացված միջպաղեստինյան երկխոսության արդյունքներով` պառակտումը դադարեցնելու և պաղեստինյան ազգային միասնությունն ամրապնդելու շուրջ։
Տարաձայնությունները, որոնք հանգեցրել են Պաղեստինի ազգային վարչակազմի և Գազայի հատվածի իշխանությունների, ինչպես նաև ՀԱՄԱՍ ու ՖԱԹՀ շարժումների միջև շփումների դադարեցման, առաջացել են 2006 թ. պաղեստինյան խորհրդարանական ընտրություններում ՀԱՄԱՍ-ի հաղթանակից և 2007 թ. Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի կողմնակիցների իշխանության հաստատումից հետո: