Պաշտպանության ոլորտում Հայաստան-Կիպրոս համագործակցության չօգտագործված ներուժն առաջիկայում կյանքի է կոչվելու. Սուրեն Պապիկյան
Կիպրոսի պաշտպանության նախարար Վասիլիս Պալմասի այցը Հայաստան հանդիսանում է Հայաստանի և Կիպրոսի միջև առկա բարձր մակարդակի ռազմաքաղաքական հարաբերությունների լավագույն ապացույցը։ Մամուլի համար հայտարարության ժամանակ այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ շնորհակալություն հայտնելով Կիպրոսի գործընկերոջը Հայաստան այցելելու համար։
«Անշուշտ, հայ և կիպրացի ժողովուրդների անկեղծ բարեկամությունն ու մշակութային ընդհանրությունները բազմադարյա պատմություն ունեն։ Այսպիսի ընդհանրությունները պայմանավորված են մեր երկրների կրոնական, մշակութային և ձևավորված բարեկամական կապերով։ Ուստի, Կիպրոսն ու Հայաստանը ոչ միայն լավ բարեկամներ են, այլև բնական դաշնակիցներ։ Այս այցը բարեկամական կապերը միջպետական ամուր հարաբերությունների վերածելու կարևոր քայլերից մեկն է»,- նշեց նախարարը։
Պապիկյանը տեղեկացրեց, որ քիչ առաջ Կիպրոսի պաշտպանության նախարարի հետ բովանդակային քննարկումներ է ունեցել ինչպես պաշտպանական համագործակցության զարգացման, այնպես էլ անվտանգության հարցերի շուրջ։
«Երկուստեք ամրագրեցինք, որ, թեև պաշտպանության ոլորտում Հայաստան-Կիպրոս համագործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա և վերջին տարիներին դինամիկ զարգանում է, սակայն ունենք չօգտագործված մեծ ներուժ, որն առաջիկայում կյանքի ենք կոչելու։
Հայ-կիպրական համագործակցությունն ուղղված է երկու երկրների պաշտպանական կարողությունների զարգացմանը, մեր երկրների անվտանգության և ինքնիշխանության ամրապնդմանն, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային կայունությանը նպաստելուն»,- ասաց ՀՀ պաշտպանության նախարարը։
Պապիկյանը նաև կարևորեց Հայաստան-Կիպրոս-Հունաստան եռակողմ ձևաչափով համագործակցությունը, որը, ըստ նրա, նույնպես հիմնված է միևնույն արժեքները կրող երկու երկրների համատեղ նպատակների իրականացմանը և պատրաստությանը՝ մարտահրավերներին դիմակայելու։