Բաժիններ՝

Զելենսկին մի շարք երկրների ղեկավարների հետ երկկողմ հանդիպումներ է անցկացրել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին, որը Նյու Յորքում մասնակցում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանին, սեպտեմբերի 23-ին հանդիպումներ է ունեցել Գերմանիայի, Հնդկաստանի և Ճապոնիայի ղեկավարների հետ։ Իր Telegram ալիքում Զելենսկին հայտնել է, որ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ քննարկել է արդարացի խաղաղության հասնելու ուղիները։

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ հանդիպումից հետո Զելենսկին գրել է, որ երկու երկրները դինամիկ կերպով զարգացնում են իրենց հարաբերությունները։

Օրերս Reuters-ի աղբյուրները հայտնել էին, որ Հնդկաստանի զենք արտադրող ընկերությունների կողմից վաճառված հրետանային արկերը եվրոպացի հաճախորդներն ուղարկել են Ուկրաինա, և Նյու Դելին չի միջամտել, որ դադարեցնի առևտուրը՝ չնայած Մոսկվայի բողոքներին։  Իսկ Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդայի հետ Վոլոդիմիր Զելենսկին քննարկել է էներգետիկ ոլորտում Տոկիոյի օգնությունը Կիևին։

Ըստ Reuters-ի՝ Ճապոնիան այս տարի Ուկրաինային տրամադրել է 4,5 միլիարդ դոլարի օգնություն։ Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանից հետո Զելենսկին կմեկնի Վաշինգտոն, որտեղ կներկայացնի իր «հաղթանակի ծրագիրը» ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին, ինչպես նաև ԱՄՆ նախագահական ընտրությունների երկու թեկնածուներին՝ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին և ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսին։  

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս