Բաժիններ՝

Շախմատի համաշխարհային օլիմպիադայում կանանց ընտրանին աննախադեպ արդյունք է գրանցել. Զավեն Անդրիասյան

Հայաստանի շախմատի կանանց հավաքականի համար շախմատի համաշխարհային օլիմպիադան բացառիկ էր, քանի որ թիմը մինչ այս նման բարձր տեղ չէր զբաղեցրել նմանատիպ խոշոր մրցաշարում:

«Արմենպրես»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Հայաստանի կանանց շախմատի հավաքականի գլխավոր մարզիչ Զավեն Անդրիասյանը:

«Շախմատի համաշխարհային Օլիմպիադան շատ հաջող մեկնարկեց մեզ համար, քանի որ առաջին 5 տուրից հետո 5 հաղթանակ ունեինք: Եթե առաջին 4 մրցափուլի մեր մրցակիցներին հաղթելն ավելի հավանական էր, ապա 5-րդ տուրում, երբ հաղթեցինք Չինաստանին, որին պատմության մեջ երբեք չէինք հաղթել, Հնդկաստանի թիմի հետ դարձան մրցաշարային աղյուսակի առաջատար: Հնդկաստանի ընտրանին բավականին ուժեղ ու երիտասարդ թիմով էր հանդես գալիս»,-ասաց Անդրիասյանը:

Վերջինս խոսքով` հնդիկներից կրած պարտությունը ցավալի էր, քանի որ մրցակցի առավելությունը մեծ չէր` 1,5:2,5: Բայց նույնիսկ այդ պարտությունից հետո Հայաստանի կանանց ընտրանին կարողացավ նորից մրցել առաջին տեղի համար մրցապայքարում:

«6-րդ տուրից հետո հիմնականում մրցում էինք ուժեղ թիմերի հետ: Հայաստանի կանանց ընտրանին վարկանիշով 11-րդն էր և մեր ունեցած 11 խաղափուլից 6-ում մրցել ենք մեզնից առավել բարձր վարկանիշ ունեցող թիմերի հետ: Հայաստանի կանանց ընտրանին իր ամբողջ պատմության ընթացքում նման արդյունք չի ունեցել: Օլիմպիադայում կանանց ընտրանին աննախադեպ արդյունք է գրանցել»,-առանձնացրեց մասնագետը:Ըստ Անդրիասյանի՝ այժմ կանանց հավաքականում երկու սերնդի համադրություն է:

Ավագները` Լիլիթ Մկրտչյանը և Էլինա Դանիելյանը իրենց մեծ փորձով ու երիտասարդները` Մարիամ Մկրտչյանը, Աննա Սարգսյանն ու Սուսաննա Գաբոյանը իրենց երիտասարդ մտքով, տալիս են դրական արդյունք ընդհանուր թիմի համար:

«Ինձ համար երկու սերնդի համադրությունը այնքանով է լավ, որ ոչ երիտասարդների և ոչ էլ ավագների տարեկիցը չեմ և կարողանում եմ երկու կողմերից էլ առավելագույնը ստանալ»,-շեշտեց Անդրիասյանը:

Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում կայացած շախմատի համաշխարհային Օլիմպիադայում Հայաստանի կանանց ընտրանին զբաղեցրեց 5-րդ հորիզոնականը: Իսկ Հայաստանի շախմատի կանանց ընտրանու անդամները` Էլինա Դանիելյանը և Աննա Սարգսյանը բրոնզե մեդալներ նվաճեցին առանձին խաղատախտակների վրա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս