Բաժիններ՝

Արարատում բախվել են «Dodge»-ն ու «ՈՒԱԶ»-ը. վիրավորներն օրեր առաջ վնասվածքներից կոմայի մեջ գտնվող երեխայի հարազատներն են

Այսօր՝ սեպտեմբերի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 10:50-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի Փոքր Վեդիի վարչական տարածքում բախվել են «Dodge» և «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենաները, հաղորդում է Shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վեդիի բժշկական կենտրոն:

Վիրավորներին առաջինը օգնության են հասել դեպքի վայրում հավաքված քաղաքացիները, ապա Վեդիի ԲԿ-ի շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը:

Բախման հետևանքով «ՈՒԱԶ»-ը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և կողաշրջված վիճակում հայտնվել դաշտում:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնն ու տեղում իրականացրել հերթապահություն:

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ ասում էին, որ «Dodge»-ի մեջ եղել են օրեր առաջ Վեդիի դպրոցներից մեկում առեղծվածային հանգամանքներում մարմնական վնասվածքներ ստացած և մինչ այժմ Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում կոմայի մեջ գտվող 10-ամյա երեխայի հարազատները, որոնք մեկնում էին «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:

Հիշեցնենք, որ արդեն 6 օր է՝ Արարատի մարզի բնակիչ 10-ամյա աղջնակը՝ Է․ Շ․-ն, գտնվում է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում։ Երեխան նշված բժշկական կենտրոն էր տեղափոխվել Վեդիի բժշկական կենտրոնից, իսկ մարմնական վնասվածքը ստացել է Վեդիի թիվ 2 միջնակարգ դպրոցում։

Երեխայի հորաքույրը՝ 45-ամյա Էլիզա Շահնազարյանը, կայքի թղթակցի հետ զրույցում ասել էր․ «Սեպտեմբերի 19-ին եղբորս 10-ամյա աղջնակը սովորականի նման այցելել է դպրոց։ Ժամը 13։00-ի զանգել են երեխայի 19-ամյա քույրիկին և ասել, որ երեխային տեղափոխում են Վեդիի բժշկական կենտրոն, բայց լուրջ բան չկա, թող ծնողները գան այնտեղ։ Հորը չեն ասում՝ ինչ է եղել, բայց երեխայի աջ թևը ջարդված է լինում, գանգուղեղը՝ 3 տեղից կոտրված և գտնվելիս է լինում կոմայի մեջ։

Տեսնելով, որ այդտեղ անզոր են, երեխային փորձում են տեղափոխել Երևան, սակայն ճանապարհին երեխայի սրտի աշխատանքը կորցնում են, կապնվում են Աշտարակի հիվանդանոցի հետ, այնտեղ առաջին բուժօգնություն են ցուցաբերում և տեղափոխում Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։

Արդեն 5-րդ օրն է, որ մեր երեխան գիտակցության չի գալիս, ուղեղը այտուցված է, ամեն վայրկյան վատ լուրի ենք սպասում։ Վիճակը շատ վատ է։

Մեկն ասում է՝ դպրոցում ընկել ա աստիճանից, մյուսն ասում ա՝ ընկել ա երեխուս ոտքերի տակ, մի խոսքով, ուզում են ծածկադմփոց անեն։ Ասում են դպրոցում տեսախցիկներ կան, բայց չեն աշխատում:

Պահանջում ենք արդար քննություն տարվի և վերջապես բացահայտվի թե իրականում ինչ է եղել դպրոցում, որ մեր բալիկը, ում կյանքի համար հիմա ամեն րոպե աղոթում ենք, նման վիճակում է հայտնվել»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս