«Հեզբոլլահ»-ը հաղորդել է Իսրայելի ռազմական օդանավակայանին և ռազմակայանին հասցրած հրթիռային հարվածների մասին
Գիշերը լիբանանյան «Հեզբոլլահ» շարժումը ծանր հրթիռներով հարված է հասցրել Իսրայելի Աֆուլա քաղաքի շրջանում գտնվող ռազմական օդանավակայանին և «Ռամաթ-Դավիդ» ավիաբազային: Այս մասին տեղեկանում ենք «Ինտերֆաքս» գործակալությունից։
«Հեզբոլլահ»-ի զինվորականները հայտարարություն են տարածել, որում ասվում է, որ իսլամական դիմադրությունը «Ֆադի-1» և «Ֆադի-2» հրթիռներ է արձակել Աֆուլայի արևմտյան մասում գտնվող «Մագիդո» ռազմական օդանավակայանի ուղղությամբ:
Երկրորդ հայտարարության մեջ «Հեզբոլլահ»-ի զինվորականները նշել են, որ «Ֆադի-2» հրթիռներով գնդակոծվել է Իսրայելի ռազմաօդային ուժերին պատկանող «Ռամաթ Դավիդ» ռազմակայանը։
Ըստ «Ալ-Մանար» հեռուստաալիքի՝ սեպտեմբերի 23-ին «Հեզբոլլահ»-ը «պատասխանել է Լիբանանում շարունակվող իսրայելական հարձակմանը, իսլամական դիմադրության մարտիկները հարվածներ են հասցրել օկուպացված Պաղեստինի հյուսիսում, այդ թվում՝ Հայֆայի և Տվերիայի մերձակայքում գտնվող իսրայելական օբյեկտներին»:
Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ) հաղորդել է, որ գիշերը և առավոտյան Լիբանանի կողմից տասնյակ հրթիռներ են արձակվել, որոնց մեծ մասը խոցվել է։ ԻՊԲ-ն նաև հաղորդել է վերջին մեկ օրվա ընթացքում «Հեզբոլլահ»-ի շուրջ 1600 թիրախ խոցելու մասին։ Լիբանանում զոհերի թիվը գերազանցել է 490-ը։