ԱՄՆ-ի Հարավային Կարոլինա նահանգում տևական ընդմիջումից հետո մահապատժ է իրականացվել
Հարավային Կարոլինայում վերջին 13 տարիներին առաջին անգամ բանտարկյալ է ենթարկվել մահապատժի: Այդ մասին հայտնում է տեղական Post and Courier պարբերականը։
Սպանության մեղադրանքով դատապարտված Ֆրեդի Յուջին Օուենսը մահապատժի է ենթարկվել մահացու ներարկման միջոցով: Հաղորդվում է, որ մինչ այդ նահանգապետ Հենրի Մաքմասթերը մերժել է ներում շնորհելու վերաբերյալ Օուենսի խնդրանքը:
Ամերիկյան մամուլի տեղեկացմամբ՝ Հարավային Կարոլինան իրականացված մահապատիժների քանակով երբեմնի առաջատարներից էր ԱՄՆ-ում, սակայն դրանք մի պահ ընդմիջվել էին, քանի որ նահանգը բախվել էր ներարկման նյութերի ձեռքբերման հետ կապված խնդիրների:
Դեղագործական ընկերությունները պարզապես չէին ցանկանում բացահայտել այդ հարցում իշխանությունների հետ համագործակցելու հանգամանքը: Հետագայում նահանգի ղեկավարությունը թույլատրել էր չհրապարակել մահապատժի համար նյութեր մատակարարողի տվյալները, որից հետո նահանգի Գերագույն դատարանն այս տարվա հուլիսին արտոնել էր մահապատիժների վերսկսումը:
Օուենսը դատապարտվել էր 1997 թվականին խանութի վաճառողին սպանելու մեղադրանքով: Իշխանությունները հայտնում են, որ դատավարությանը սպասելիս նա դաժանաբար սպանել է նաև իր խցակցին:
Հանցագործը հնարավորություն է ունեցել ընտրել մահապատժի երեք տեսակներից մեկը՝ մահացու ներարկում, էլեկտրական աթոռ կամ գնդակահարություն:
Նրա փաստաբանները պնդել են, որ Օուենսը չի կրակել սպանվածի վրա, այլ զրպարտվել է հանցակցի կողմից:Հարավային Կարոլինայում մահապատժի է սպասում առնվազն ևս հինգ բանտարկյալ։