
Էրդողանը կարծում է, որ Իսրայելը զբաղվում է ահաբեկչությամբ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարծում է, որ Իսրայելը գործում է որպես ահաբեկչական կազմակերպություն, և նրա թիրախը ոչ միայն Գազայի հատվածն է, այլ ողջ տարածաշրջանը։
«Ես առաջին իսկ օրվանից ասել եմ, որ Իսրայելի թիրախը միայն Գազայի հատվածը չէ: Վերջին հարձակումները Լիբանանի վրա արդարացրել են մեր անհանգստությունն առ այն, որ Իսրայելի ղեկավարությունը ծրագրում է տարածել պատերազմը ողջ տարածաշրջանում:
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և նրա հանցախումբը բոլոր տեսակի սադրանքներ են իրականացնում՝ իրենց արմատական սիոնիստական գաղափարախոսությունն իրականացնելու համար։ Իսրայելի վրա ճնշումը պետք է էլ ավելի մեծացվի՝ թույլ չտալու համար, որ տարածաշրջանը ներքաշվի ավելի մեծ աղետի մեջ»,-ասել է Էրդողանը լրագրողներին նախքան ԱՄՆ մեկնելը, որտեղ նա կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային:
Նա ասել է, որ առաջին օրը ելույթ կունենա ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում և կհիշեցնի մասնակիցներին «Գազայի հատվածում ցեղասպանության դեմ գործողություններ ձեռնարկելու անհրաժեշտության և Իսրայելի ագրեսիվ քաղաքականության մասին»:
«Եվս մեկ անգամ, ցավոք, մենք տեսնում ենք, որ Իսրայելը հարձակումներ է իրականացնում ոչ թե որպես պետություն, այլ որպես ահաբեկչական կազմակերպություն։ Սա պետական ահաբեկչություն է։ Լիբանանյան վերջին հարձակումները դրա հստակ հաստատումն են։ Իսրայելը հստակ ցույց տվեց, որ չի մտածում խաղաղ բնակիչների մասին և կփորձի ամեն կերպ հասնել իր ատելի նպատակներին»,- ասել է Էրդողանը։