Հնդկական զինամթերքն ուղարկվել է Ուկրաինա՝ չնայած ՌԴ-ի բողոքներին. Reuters
Հնդկաստանի զենք արտադրող ընկերությունների կողմից վաճառված հրետանային արկերը եվրոպացի հաճախորդներն ուղարկել են Ուկրաինա, և Նյու Դելին չի միջամտել, որ դադարեցնի առևտուրը՝ չնայած Մոսկվայի բողոքներին։ Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով հնդկական ու եվրոպական կառավարության և պաշտպանական արդյունաբերության տասնմեկ պաշտոնյաների, ինչպես նաև հիմնվելով իր կողմից արված մաքսային հասանելի տվյալների ուսումնասիրության վրա։
Աղբյուրների և մաքսային տվյալների համաձայն՝ զինամթերքի փոխանցումը Ուկրաինային՝ Ռուսաստանի դեմ հակամարտությանն աջակցելու նպատակով, տեղի է ունեցել ավելի քան մեկ տարի։
Ըստ Հնդկաստանի զենքի արտահանման կանոնակարգերի՝ զենքը կարող է օգտագործել միայն հայտարարված գնորդը. զենքի չարտոնված փոխանցման դեպքում հետագա վաճառքը կարող է դադարեցվել:
Ըստ երեք հնդիկ պաշտոնյաների՝ Կրեմլն այդ հարցը բարձրացրել է առնվազն երկու անգամ, այդ թվում՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի և նրա հնդիկ պաշտոնակցի՝ հուլիսին կայացած հանդիպման ժամանակ:
Ռուսաստանի և Հնդկաստանի արտաքին գործերի և պաշտպանության նախարարությունները չեն պատասխանել թեմայի վերաբերյալ հարցերին։ Հունվարին Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակը մամուլի ասուլիսում հայտնել էր, որ Հնդկաստանը հրետանային արկեր չի ուղարկել կամ վաճառել Ուկրաինային:
Հնդկաստանի կառավարության և պաշտպանական արդյունաբերության երկու աղբյուրներ Reuters-ին հայտնել են, որ Նյու Դելին արտադրել է Ուկրաինայի կողմից օգտագործվող զինամթերքի միայն շատ փոքր քանակություն, ընդ որում, պաշտոնյաներից մեկի գնահատմամբ՝ դա կազմում է Կիևի կողմից պատերազմի մեկնարկից ի վեր ներմուծված սպառազինության ընդհանուր քանակի 1%-ը: Ըստ հրապարակման՝ հնդկական զինամթերքն Ուկրաինային ուղարկած եվրոպական երկրների շարքում են Իտալիան և Չեխիան։
Ստոկհոլմի խաղաղության հետազոտություների միջազգային ինստիտուտի տվյալներով՝ 2018-2023 թվականներին Հնդկաստանն արտահանել է ավելի քան 3 միլիարդ դոլարի զենք։
Օգոստոսին Հնդկաստանի պաշտպանության նախարար Ռանջաթ Սինգհը հայտարարել է, որ 2023 ֆինանսական տարում պաշտպանական արդյունաբերության արտահանումները գերազանցել են 2,5 միլիարդ դոլարը։ Միևնույն ժամանակ, Հնդկաստանի զենքի ներմուծումների 60 %-ը բաժին է ընկնում Ռուսաստանին։