
Իսրայելցի գործարարը ձերբակալվել է Նեթանյահուի սպանության նպատակով դավադրություն կազմելու համար

Իսրայելի մեկ քաղաքացի ձերբակալվել է վարչապետ Բենիամին Նեթանյահուի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների սպանության նպատակով դավադրության մեջ ներգրավված լինելու կասկածանքով։ Այս մասին հայտնել են Իսրայելի անվտանգության ծառայությունները՝ նշելով, որ դավադրության հետևում կանգնած է Իրանը։ Այս մասին հաղորդում է BBC-ն։
Իսրայելի ոստիկանությունը և ներքին հետախուզությունը հայտնել են, որ տղամարդը երկու անգամ մաքսանենգ ճանապարհով տեղափոխվել է Իրան և գումար է ստացել այդ առաքելությունները կատարելու համար:
Համատեղ հայտարարության մեջ իսրայելական գերատեսչությունները նշել են, որ կասկածյալն իսրայելցի գործարար է, որն ապրել է Թուրքիայում և այնտեղ ունեցել է կապեր, որոնք օգնել են նրան Իրան մտնել:
Ըստ հայտարարության՝ կասկածյալը, որի անունը չի նշվում, ձերբակալվել է օգոստոսին, նրա թիրախներն են եղել Իսրայելի վարչապետը, պաշտպանության նախարարը և Իսրայելի «Շին Բեթ» ներքին անվտանգության ծառայության ղեկավարը։
Կասկածյալը, ենթադրաբար, Թուրքիայից անցել է Իրան, որտեղ հանդիպել է Էդդի անունով իրանցու հետ, որը նրան հանձնարարել է «տարբեր անվտանգության առաքելություններ իրականացրել Իսրայելի ներսում իրանական վարչակարգի համար»։
Ըստ հայտարարության՝ դա ներառել է գումարի կամ զենքի փոխանցում, Իսրայելում տարբեր մարդաշատ վայրերի լուսակարում և այլն։Իսրայելական կողմը հայտնել է, որ գործարարը, ենթադրաբար, պահանջել է 1 միլիոն դոլար կանխավճար։
Իսրայելը մեղադրվում է Թեհրանում պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման ղեկավար Իսմայիլ Հանիյեի և Բեյրութում «Հեզբոլլահ» խմբավորման հրամանատարի սպանության մեջ։