Բաժիններ՝

ԱՄՆ-ն Իրանին մեղադրել է Թրամփի քարոզարշավից գողացված նյութերը Բայդենի ճամբարին ուղարկելու մեջ

ԱՄՆ անվտանգության գերատեսչությունները հայտնել են, որ իրանցի հաքերներն ընտրությունների հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի քարոզարշավից գողացված նյութեր պարունակող էլեկտրոնային նամակներ են ուղարկել նախագահ Ջո Բայդենի թիմին։ Դա տեղի է ունեցել հունիսի վերջին, երբ Բայդենը դեռ դուրս չէր եկել նախագահական ընտրապայքարից։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

«Ավելին, Իրանի կիբեռ ոլորտի չարամիտ գործող անձինք հունիսից շարունակել են իրենց ջանքերը, որպեսզի նախկին նախագահ Թրամփի քարոզարշավի հետ կապված գողացված, ոչ հրապարակային նյութերն ուղարկեն ԱՄՆ լրատվական կազմակերպություններին», – համատեղ հայտարարության մեջ հայտնել են ԱՄՆ Հետախուզությունների դաշնային բյուրոն, Կիբեռանվտանգության և ենթակառուցվածքների անվտանգության գործակալությանը և Ազգային հետախուզության տնօրենի գրասենյակը։

«Այս չարամիտ կիբեռ գործունեությունը Իրանի բազմակողմանի մոտեցման վերջին օրինակն է…. տարաձայնություններ հրահրելու և մեր ընտրական գործընթացի նկատմամբ վստահությունը խաթարելու համար», – հավելել են գործակալությունները:

Հայտարարության մեջ նշվում է, որ տեղեկատվություն չկա այն մասին՝ արդյոք էլեկտրոնային նամակների հասցեատերերը պատասխանել են։ Գողացված նյութերի բնույթի վերաբերյալ ևս մանրամասներ չեն հաղորդվել։

Իրանը հերքել է ԱՄՆ-ի ներքին գործերին միջամտելու մասին մեղադրանքները։Սեպտեմբերի 18-ին ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցչությունը հայտարարել է, որ ԱՄՆ-ի վերջին մեղադրանքները «հիմնավոր կերպով անհիմն են և բացարձակապես անընդունելի»:

«Իրանը ո՛չ որևէ շարժառիթ, ո՛չ էլ մտադրություն ունի՝ միջամտելու ԱՄՆ ընտրություններին», – հավելել է ներկայացուցչությունը։

Թրամփի քարոզարշավի թիմը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ ԱՄՆ դեմոկրատական թեկնածու Քամալա Հարիսը և նախագահ Բայդենը պետք է հայտնեն՝ արդյոք իրենց ուղարկված նյութերն օգտագործվել են ի վնաս Թրամփի։ Հարիսի քարոզարշավի թիմի խոսնակը հայտնել է, որ իրենք տեղյակ չեն անմիջապես իրենց քարոզարշավի թիմին որևէ նյութ ուղարկելու մասին։ Նա նշել է, որ մի քանի անհատներ ստացել են անձնական նամակներ, որոնք նման են եղել սպամ հաղորդագրությունների կամ ֆիշինգի փորձի։

Օգոստոսին Վաշինգտոնը Թեհրանին մեղադրել էր ԱՄՆ նախագահական ընտրությունների երկու թեկնածուների քարոզարշավների դեմ կիբեռ գործողություններ սկսելու և ամերիկյան հանրության վրա ազդելուն ուղղված գործողություններ իրականացնելու մեջ, որոնց նպատակն էր քաղաքական հակասություններ հրահրելը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս