Բաժիններ՝

Մակրոնը մերժել է նոր վարչապետի առաջարկած կառավարության կազմը. Le Monde

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը չի հաստատել նախարարների նախնական ցուցակը, որոնց վարչապետ Միշել Բառնիեն առաջարկել է ընդգրկել նոր կառավարության կազմում։ Այս մասին հայտնում է Le Monde պարբերականը։

Ըստ հրապարակման՝ համապատասխան ցուցակը վարչապետը Մակրոնին ներկայացրել է սեպտեմբերի 17-ին։ Սակայն Ելիսեյան պալատում համարել են, որ թեկնածուների ցուցակը «միագույն» է, և հատկապես ուշադրություն են դարձրել այն բանի վրա, որ նախարարական պաշտոնների մեկ երրորդի համար առաջարկվող թեկնածուները հենց իր՝ Բառնիեի Հանրապետական ​​կուսակցության ներկայացուցիչներ էին։ Ընդ որում, ըստ հրապարակման, Բառնիեն իր կուսակիցներին էր առաջարկում նշանակել ներքին գործերի նախարարի, արդարադատության և էկոնոմիկայի նախարարների կարևոր պաշտոններում։

«Միասին հանուն Հանրապետության» նախագահական կոալիցիայի ներկայացուցիչները, որոնց Մակրոնն ընդունել է սեպտեմբերի 18-ին, նույնպես մտահոգություններ են հայտնել «հանրապետական կառավարության» շուրջ։ Ելիսեյան պալատի աղբյուրները պնդում են, որ Մակրոնը չի փորձում ամբողջությամբ վերահսկել ապագա կառավարությունը, այլ ձգտում է խուսափել մեկ կուսակցության նախարարների գերակշռությունից և հույս ունի հավաքել «ազգային միասնության» կաբինետ, որը թույլ կտա հավասարակշռություն հաստատել քաղաքական ուժերի միջև։

Բացի այդ, ըստ պարբերականի, նոր վարչապետի և նախագահի միջև տարաձայնությունների ևս մեկ պատճառ է դարձել երկրի տնտեսության ծանր վիճակի պատճառով հարկերի հնարավոր բարձրացման՝ կառավարության ղեկավարի մտադրությունը։

Սեպտեմբերի 5-ին Ֆրանսիայի նախագահը վարչապետ է նշանակել 73-ամյա Միշել Բառնիեին։ Նոր վարչապետի նշանակումը տեղի է ունեցել Ֆրանսիայում խորհրդարանական ընտրություններից գրեթե երեք ամիս անց։ Ընտրությունների արդյունքներով ոչ մի կուսակցություն չէր ստացել բացարձակ մեծամասնություն։

Ամենաշատ ձայները հավաքել էր ձախ ուժերի «Նոր ժողովրդական ճակատ» դաշինքը, իսկ Մակրոնի «Միասին» կոալիցիան գրավել էր երկրորդ տեղը։

Կառավարության ղեկավարի պաշտոնում աջ կենտրոնամետ Հանրապետական ​​կուսակցության ներկայացուցչի նշանակումը ողջ երկրում առաջացրել է ձախակողմյան կուսակցությունների կողմնակիցների զանգվածային բողոքի ցույցեր, որոնք պահանջում էին փոխարենը ձախերի ներկայացուցիչ նշանակել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս