Իրանը միջոցներ կձեռնարկի Լիբանանում իր դեսպանի վրա հարձակման առնչությամբ
Թեհրանը միջոցներ կձեռնարկի Լիբանանում տեղի ունեցած պայթյունների ժամանակ իր դեսպան Մոջթաբա Ամանիի վրա հարձակման առնչությամբ: Այս մասին ասել է ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչը համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարին ուղղված նամակում:
«Իրանի Իսլամական Հանրապետությունը հարկ եղած միջոցները կձեռնարկի Լիբանանում իր դեսպանի վրա հարձակման առնչությամբ, որի հետևանքով նա վիրավորվել է», – նամակից հատված է մեջբերում «Ինտերֆաքս»-ը։
Սաիդ Իրավանին նամակում նաև նշել է, որ Թեհրանն իրեն իրավունք է վերապահում անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել՝ արձագանքելու նման հրեշավոր հանցագործությանը։ Ըստ Իրանի մշտական ներկայացուցչի՝ «Իսրայելի գործողությունները Լիբանանում» ուղղված են եղել «սպանելուն, բնաջնջելուն և քաղաքացիական բնակչությանը մեծ տառապանք ու լուրջ խեղումներ պատճառելուն» և մարդկության դեմ հանցագործություն են։
«Անկասկած, իսրայելական ռեժիմն է կրում ողջ պատասխանատվությունը նման սարսափելի հանցագործությունների կատարման համար», – ընդգծել են ներկայացուցչությունում։
Իրանը կարծում է, որ Իսրայելին աջակցող Արևմուտքի երկրները, հատկապես ԱՄՆ-ն, նույնպես միջազգային պատասխանատվություն են կրում նրա գործողությունների համար։
«ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը և Անվտանգության խորհուրդը պետք է անվերապահորեն դատապարտեն Իսրայելի ահաբեկչական գործողությունները և նողկալի հանցագործությունը Լիբանանում Իրանի դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարի դեմ, ինչպես նաև Լիբանանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության խախտումներն ու հարձակումները Լիբանանի քաղաքացիական անձանց վրա»,- հայտարարել է ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչը։
Լիբանանում Իրանի դեսպանը սեպտեմբերի 17-ին Լիբանանում հազարավոր փեյջերների պայթյուններից տուժածների թվում էր: Սեպտեմբերի 17-ի հարձակման ընթացքում զոհվել է 12 մարդ, շուրջ 2800 մարդ վիրավորվել է։ Սեպտեմբերի 18-ին պայթյունների երկրորդ ալիքի հետևանքով զոհվել է 20 մարդ։