Հարիսն ու Թրամփը կարող են հանդիպել Զելենսկիի հետ ԱՄՆ նրա այցի ժամանակ
ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը պլանավորում է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի հետ Վաշինգտոնում հանդիպել հաջորդ շաբաթ: Այս մասին հաղորդում է CNN-ը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրների։Իր հերթին ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ջոն Քիրբին հայտնել է, որ Հարիսը նախկինում հանդիպումներ ունեցել է Զելենսկիի հետ, և նրանք կարող են զրուցել, եթե նման հնարավորություն ստեղծվի։
Հանրապետական կուսակցության՝ ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը նույնպես չի բացառել, որ Զելենսկիի հետ կհանդիպի հաջորդ շաբաթ, երբ վերջինս լինի ԱՄՆ-ում։«Հավանաբար` այո», – ասել է նա՝ պատասխանելով լրագրողի համապատասխան հարցին։
Միևնույն ժամանակ Bloomberg գործակալության զրուցակիցները հայտնել են, որ Զելենսկին ԱՄՆ այցի ընթացքում պնդելու է Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին և ԵՄ-ին, ինչպես նաև Կիևին ավելի առաջադեմ զենքի մատակարարումները շարունակելը։Հրապարակման մեջ նշվում է, որ Ուկրաինայի ղեկավարը սեպտեմբերի վերջին ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման վերաբերյալ իր պլանը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին պետք է ներկայացնի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կուլուարներում հանդիպման ժամանակ։
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում բարձր մակարդակի հանդիպումներն այս տարի կանցկացվեն սեպտեմբերի 24-ից մինչև 30-ը: