Ադամ Շիֆն Ադրբեջանի ունեցվածքը բռնագրավելու և այն ԼՂ-ի եկամուտների վերականգնման հիմնադրամին փոխանցելու օրինագիծ է ներկայացրել

Միացյալ Նահանգերի կոնգրեսական Ադամ Շիֆը ներկայացրել է երկկուսակցական օրինագիծ՝ Ադրբեջանի ունեցվածքը բռնագրավելու և այն Լեռնային Ղարաբաղի եկամուտների վերականգնման հիմնադրամին փոխանցելու մասին: Այս մասին հայտնում է Ամերիկայի հայ դատի գրասենյակը (ANCA)՝ հավելելով, որ օրինագծի համաձայն՝ վերոնշյալ հիմնադրամը ստեղծվելու է Ադրբեջանի կողմից իրականացված էթնիկ զտումների հետևանքով ԼՂ-ից բռնի տեղահանված հայերի կորցրած եկամուտները փոխհատուցելու համար: 

«Արցախի ժողովրդի դեմ Ադրբեջանի շարունակական գործողությունները հումանիտար աղետ են ստեղծել և հավասարազոր են էթնիկ զտումների», – ասել է կոնգրեսական Ադամ Շիֆը՝ հավելելով, որ պետք է ապահովվի, որ մեղավորները պատասխանատվության ենթարկվեն, և Լեռնային Ղարաբաղի անմեղ զոհերը փոխհատուցում ստանան իրենց հսկայական կորուստների համար։ 

Նա ընդգծել է, որ իր այս օրենսդրությունը կապահովի արդարադատության և ֆինանսական փոխհատուցման մեխանիզմ նրանց համար, ովքեր Ադրբեջանի ագրեսիայի պատճառով կորցրել են ամեն ինչ։ 

Կոնգրեսական Շիֆի նախաձեռնությանը միացել են Կոնգրեսի հայկական հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոնը և ներկայացուցիչներ Գեյբ Ամոն, Ջոյս Բիթին, Ջիմ Կոստան, Աննա Էշուն, Ջոշ Գոթհայմերը, Դագ Լամալֆան, Ջեյմս ՄակԳովերնը, Գրեյս Մենգը և այլ կոնգրեսականներ։

Լեռնային Ղարաբաղի եկամուտների վերականգնման ակտը նպատակ ունի պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին հետևյալ կետերով. Ադրբեջանի կառավարությանը պատասխանատվության ենթարկել՝ պահանջելով էթնիկ զտման ենթարկված հայերին փոխհատուցում տալ, Լեռնային Ղարաբաղի եկամուտների վերականգնման հիմնադրամ ստեղծել՝ կորցրած գույքի և բիզնեսի եկամուտների փոխհատուցման նպատակով։ 

«Եթե ​​Ադրբեջանը հրաժարվի, ապա օրինագիծը թույլ է տալիս կալանք դնել ԱՄՆ-ում Ադրբեջանի ինքնիշխան ակտիվների վրա՝ իրականացնելու համար այս վճարումները», – նշվում է Շիֆի նախաձեռնության մեջ։

Հատկանշական է, որ օրինագիծը վերահաստատում է  ԼՂ վերադարձի իրավունքը՝ ճանաչելով նրանց սեփականության իրավունքները։ Ակտիվների առգրավման միջոցով փոխհատուցումը չի ենթադրի հայկական գույքի նկատմամբ սեփականության իրավունքի տրամադրումն ադրբեջանական կողմին. ԼՂ հայերը իրավունք են ունենալու պահանջել իրենց տների ու բիզնեսների նկատմամբ իրավունքները:

Կոնգրեսում ներկայացված հայտարարության մեջ, որը նվիրված է Լեռնային Ղարաբաղի վրա Ադրբեջանի ռազմական հարձակման և դրան հաջորդած բռնի հայաթափման առաջին տարելիցին, Ադամ Շիֆը նշել է. «Ադրբեջանը պետք է պատասխանատվություն ստանձնի այն ահռելի հումանիտար ճգնաժամի համար, որը ստեղծվեց շրջափակման ու ռազմական հարձակման հետևանքով:

Բաքուն պետք է ազատ արձակի պատանդներին ու բանտարկյալներին և պարտավորվի պահպանել հայկական մշակութային ժառանգությունը։ Նա պետք է ապահովի Արցախում ունեցվածք ունեցողների՝ իրենց նախնյաց տուն վերադառնալու և իրենց կյանքը վերակառուցելու իրավունքը:

Ադրբեջանը պետք է ստանձնի Արցախից հեռացածների կորցրած եկամուտները փոխհատուցելու պատասխանատվությունը։ Այս փոխհատուցումը չի կարող ամբողջությամբ վերացնել կյանքի խաթարումը, բայց դա կարևոր սկիզբ է՝ անդրադառնալու նրանց ներկայիս տառապանքներին, ովքեր այդքան շատ բան են կորցրել»:

Տեսանյութեր

Լրահոս