Բաժիններ՝

Լիբանանում պայթյունի նոր ալիքի հետևանքով կա 20 զոհ, 450 վիրավոր

Բեյրութում և Լիբանանի այլ հատվածներում սեպտեմբերի 18-ին պայթյունների երկրորդ ալիքի հետևանքով զոհվել է առնվազն 20 մարդ, վիրավորվել ավելի քան 450 մարդ։

Այս մասին հաղորդում է The Associated Press գործակալությունը։

Նոր հարձակման ժամանակ պայթել են ռացիաներ և արևային կայաններ։ Ըստ տարբեր հրապարակումների՝ հարձակումներն իրականացրել է Իսրայելը՝ թիրախավորելով «Հեզբոլլահ» խմբավորման անդամներին, սակայն զոհերի շարքում կան քաղաքացիական անձինք, այդ թվում՝ երեխաներ։

Սեպտեմբերի 17-ին փեյջերների պայթյունից 12 մարդ էր զոհվել, 2800 մարդ՝ վիրավորվել։Նոր պայթյուններից մեկը տեղի է ունեցել Բեյրութում, երբ հուղարկավորում էին «Հեզբոլլահ»-ի երեք անդամի և մեկ երեխայի, որոնք սպանվել էին նախորդ օրը փեյջերների պայթյունի հետևանքով։

Ըստ AP-ի լուսանկարչի՝ Սիդոն ծովափնյա քաղաքում պայթել է մեքենա և բջջային հեռախոսների խանութ։ Իսկ երկրի հարավում մեկ աղջիկ վիրավորվել է արևային կայանի պայթյունից։

Իսրայելը չի մեկնաբանել այս պայթյունները, սակայն երկրի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը սեպտեմբերի 18-ին խոսել է պատերազմի նոր փուլի մեկնարկի մասին, ինչպես նաև գովել Իսրայելի բանակին և անվտանգության ծառայություններին՝ ասելով, որ «արդյունքները շատ տպավորիչ են»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս