Ֆրանսիայի Ազգային ժողովի բյուրոն հավանություն է տվել Մակրոնի իմպիչմենտի մասին բանաձևի նախագծին
Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատի` Ազգային ժողովի բյուրոն սեպտեմբերի 17-ին հավանություն է տվել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին իշխանությունից հեռացնելու ընթացակարգի վերաբերյալ բանաձևի նախագծին: Այս մասին հաղորդում է Le Parisien պարբերականը:
Հաջորդ փուլը կլինի նախագծի քննարկումը Ազգային ժողովի իրավական հանձնաժողովում։ Սակայն ձախերը մեծամասնություն չունեն դրանում, նշում է Le Parisien-ը՝ հստակեցնելով, որ եթե այս փաստաթուղթն, այնուամենայնիվ, հավանության արժանանա հանձնաժողովի կողմից, ապա բանաձևի նախագիծը պետք է տասներեք օրից ոչ ուշ ժամկետում ներառվի պալատի նիստերի օրակարգում։
«Անկոտրում Ֆրանսիա» ձախ կուսակցությունը Մակրոնին իմպիչմենտ հայտնելու նախաձեռնությամբ հանդես եկավ այն բանից հետո, երբ վերջինս հրաժարվեց երկրի վարչապետի պաշտոնը տալ խորհրդարանական ընտրություններում հաղթանակ տարած «Նոր ժողովրդական ճակատ» ձախ կոալիցիայի թեկնածուին։Սեպտեմբերի սկզբին Ֆրանսիայի նախագահը վարչապետ նշանակեց աջ կենտրոնամետ «Հանրապետականների» ներկայացուցիչ Միշել Բառնիեին։