Իրաքի վարչապետը հայտարարել է, որ երկրին այլևս հարկավոր չէ ԱՄՆ զինված ուժերի ներկայությունը
Իրաքում ամերիկյան զորքերի ներկայության կարիքն այլևս չկա, քանի որ հաջողվել է զգալիորեն առաջադիմել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ջախջախման հարցում: Այդ մասին Իրաքի վարչապետ Մուհամմեդ Շիա աս Սուդանին հայտարարել Bloomberg-ին տված հարցազրույցում:
«Կոալիցիայի անհրաժեշտություն չկա: Մենք պատերազմներից անցել ենք կայունության: ԻՊ-ն իրականում արդեն սպառնալիք չի ներկայացնում», – ասել է նա:
Աս Սուդանին վստահություն է հայտնել, որ Բաղդադի և Վաշինգտոնի համագործակցությունն անվտանգության ոլորտում կշարունակվի նաև զորքերի դուրսբերումից հետո։ Վարչապետը նշել է, որ պլանավորում է առաջիկայում հայտարարել, թե ինչ ժամկետներում ամերիկացի զինվորականները կհեռանան երկրից։
Իրաքի վարչապետի խոսքով՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ ապրիլին Վաշինգտոնում կայացած հանդիպմանը ինքն արդեն քննարկել է ԱՄՆ-ի զինծառայողների դուրսբերման հարցը: Այն ժամանակ երկու երկրների ղեկավարները «փոխըմբռնման են հասել զորքերի դուրսբերման հարցում»:
Միևնույն ժամանակ, ըստ Bloomberg-ի, ԱՄՆ-ի բազմաթիվ օրենսդիրներ մտահոգություն են հայտնել Իրաքից ամերիկյան զորքերի հնարավոր դուրսբերման կապակցությամբ, քանի որ դա «կարող է ԻՊ-ին թույլ տալ վերախմբավորվել, իսկ հարևան Իրանին՝ ուժեղացնել ազդեցությունն Իրաքում»։
Օրեր առաջ Իրաքի պաշտպանության նախարար Թաբեթ ալ Աբասին հայտարարել էր, որ ամերիկյան զորքերն Իրաքից դուրս կբերվեն մինչև 2026 թվականը։Bloomberg-ի տվյալներով՝ Իրաքում գտնվում է շուրջ 2500 ամերիկացի զինծառայող։