1 Mercedes և 20 BYD. Երևանի քաղաքապետարանը 644.000 դոլարի էլեկտարական մեքենաներ է գնել «Հետք»

Երևանի քաղաքապետարանը 644 հազար դոլարով 21 հատ էլեկտրամոբիլ է գնել։ Այս մասին «Հետքը» տեղեկացավ Երևանի քաղաքապետարանից։ Մեքենաների գնման պայմանագրերի ուսումնասիրությամբ պարզ է դառնում, որ ձեռք է բերվել 2023 թ․-ի մեկ Mercedes EQE500 և 2024 թ․-ի արտադրության 20 հատ BYD song plus ավտոմեքենա։ Ի դեպ Mercedes-ի գնով հնարավոր է ձեռք բերել 3 հատ BYD։

Երևանի քաղաքապետարանը այս տարվա մայիսին ձեռք է բերել 20 նոր էլեկտրամոբիլ։ Էլեկտրամոբիլները BYD song plus մակնիշի են, 2024 թվականի արտադրության։ Մեքենաների գնման համար հայտարարվել է էլեկտրոնային աճուրդ։ Ամենացածր գնառաջարկը ներկայացրել է «Էկո մոթորս գրուպ» ՍՊԸ-ն։ Մեքենաներից յուրաքանչյուրի արժեքը 11 մլն դրամ է՝ մոտ 28 հազար դոլար։ Քաղաքապետարանից մեր գրավոր հարցմանն ի պատասխան հայտնեցին, որ էլեկտրամոբիլները սպասարկում են Երևանի քաղաքապետարանի կառուցվածքային ստորաբաժանումներին։

Համաձայն մեքենաների տեխնիկական բնութագրի՝ էլեկտրամոբիլների առավելագույն վազքը 200 կմ է։ Մեքենայի արտաքին չափերը 4785 մմ x 1980մմ x 1660մմ են, փոխանցման տուփը՝ ավտոմատ։ Մարտկոցը 71,8 ԿՎտ է, հզորությունը՝ 204 ձ/ուժ։ Մեկ լիցքավորմամբ մեքենան կարող է անցնել մինչև 520 կմ։ Էլեկտրամոբիլի երաշխիքային ժամկետը 5 տարի է կամ 150 հազար կմ վազք։ Մեքենայի առանձին մասերի՝ շարժիչի և մարտկոցի երաշխիքը 8 տարի է կամ 150 հազար կմ վազք։

«Էկո մոթորս գրուպ» ՍՊԸ-ից Երևանի քաղաքապետարանը ևս մեկ գնում է կատարել այս տարվա օգոստոսին։ Այս անգամ քաղաքապետարանը մոտ 33 մլն դրամ է վճարել 2023 թվականի արտադրության Mercedes EQE500 մակնիշի էլեկտրամոբիլ ձեռք բերելու համար։

Համաձայն տեխնիկական բնութագրի՝ նոր ձեռք բերված էլեկտրամոբիլը լիաքարշ է, վազքը՝ 200 կմ։ Մեքենայի արտաքին չափերը 4880 մմ x 2032մմ x 1679մմ են, փոխանցման տուփը՝ ավտոմատ։ Մարտկոցը 96,1 ԿՎտ է, հզորությունը՝ 480 ձ/ուժ։ Մեկ լիցքավորմամբ մեքենան կարող է անցնել մինչև 609 կմ։ Էլեկտրամոբիլի սպասարկման ժամկետը 5 տարի է կամ 150 հազար կմ վազք։ Մեքենայի առանձին մասերի՝ շարժիչի և մարտկոցի երաշխիքը 8 տարի է կամ 150 հազար կմ վազք։

Թե ում է սպասարկելու թանկարժեք Mercedes EQE500-ն, Երևանի քաղաքապետարանից խոստացան գրավոր հարցմամբ պատասխանել։ Կարելի է ենթադրել, որ Mercedes EQE500-ը գուցե սպասարկի քաղաքապետ Տիգրան Ավինյանին։

«Էկո մոթորս գրուպ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2021 թ.-ին։ Միակ բաժնետերը Արմեն Արիստակեսի Աբրահամյանն է։ Մատակարար ընկերության հիմնադիր-սեփականատերը համատեղ բիզնես ունի Քաղաքաշինության կոմիտեի նախագահի խորհրդական Արտավազդ Թարխանյանի հետ։ Արմեն Աբրահամյանն ու Արտավազդ Թարխանյանը 2024 թ.-ին հիմնադրել են «Էկո բիլդ գրուպ» ՍՊԸ-ն, որը մատուցում է կառուցապատման ծառայություններ՝ նախագծում, շինարարական աշխատանքների պլանավորում և կառավարում։

«Էկո մոթորս գրուպ» ՍՊԸ-ն թանկարժեք էլեկտրամոբիլներ է մատակարել նաև մի շարք այլ համայնքային և պետական կառույցների։ «Հետքը» առաջիկայում կանդրադառնա նաև այդ գնումներին։

Տեսանյութեր

Լրահոս