ՌԴ-ում սպառնացել են ավելի հզոր զենքով պատասխանել երկրի տարածքին հարվածների դեպքում
Ռուսաստանը կպատասխանի ռուսական քաղաքների վրա հարձակումների դեպքում, «ավելի հզոր զենքը պատրաստ վիճակում է»։ Այս մասին ասել է ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը։
«Այսօր ԱՄՆ-ն առանց վարանելու քննարկում է Ռուսաստանի Դաշնության տարածքին հարվածներ հասցնելու հնարավորությունը։ Իսկ ի՞նչ է նշանակում հարվածներ հասցնել։ Արբանյակային խմբավորումները պատկանում են ԱՄՆ-ին, ՆԱՏՕ-ի երկրներին։ Ուղղորդումը և հրամանների կատարումն այս դեպքում կիրականացվեն ՆԱՏՕ-ի զինվորականների կողմից՝ օգտագործելով բարձր ճշգրտության զենքեր՝ արբանյակային խմբավորումների հետ համատեղ: Իսկ դա նշանակում է, որ ՆԱՏՕ-ն ամբողջությամբ ներքաշվում է այս հակամարտության մեջ», – ասել է Վոլոդինը Պետդումայի աշնանային նստաշրջանի մեկնարկից առաջ ելույթի ժամանակ:
«Այս քննարկումը կարող է հանգեցնել ամենասարսափելի հետևանքների։ Նրանք քննարկում են մեր խաղաղ քաղաքներին հարված հասցնելու հարցը, ընդ որում, քննարկում են՝ համարելով, թե դա իրենց չի առնչվի։ Դա այդպես չէ։ Մենք կպատասխանենք։ Մենք գիտենք՝ ինչով պատախանել։ Ավելի հզոր զենքը պատրաստ վիճակում է», – հավելել է նա։
Վոլոդինի խոսքով՝ չափազանց կարևոր է, որ ԱՄՆ-ի և եվրոպական երկրների խորհրդարանները «հասկանան և իրենց հաշիվ տան, թե ինչ կարող է տեղի ունենալ»։ Նա նշել է, որ ԱՄՆ-ի, Գերմանիայի, Ֆրանսիայի ղեկավարները կարող են հակամարտություն հրահրել, որն անդառնալի հետևանքների կհանգեցնի։ «Մենք մեր կողմից պետք է ամեն ինչ անենք դա կանխելու համար», – ասել է Վոլոդինը։
Նա հավելել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն «ամեն ինչ անում է՝ կանխելու միջուկային աղետը և դադարեցնելու պատերազմը, որը կարող է վերածվել համաշխարհային պատերազմի»։ Կիևը շարունակում է արևմտյան երկրներին կոչ անել, որ իրենց թույլ տրվի Արևմուտքի մատակարարած հեռահար զենքերով հարվածել Ռուսաստանի տարածքի խորքերին։