ԵՄ-ն ռուսական ակտիվներից ստացված 1,4 միլիարդ եվրոյի եկամուտները ծախսել է Կիևի համար զենք գնելու վրա
Եվրամիությունը Ռուսաստանի սառեցված ակտիվներից ստացված 1,4 միլիարդ եվրոյի շահույթն օգտագործել է Ուկրաինային ռազմական օգնություն ցուցաբերելու համար: Այդ մասին հայտնել է Եվրահանձնաժողովի ղեկավարի առաջին տեղակալ Վալդիս Դոմբրովսկիսը։
«Փոխանցվել է ռուսական ակտիվներից չկանխատեսված եկամուտների առաջին մասնաբաժինը: Խաղաղության եվրոպական հիմնադրամի միջոցով 1,4 միլիարդ եվրո է ուղարկվել առաջնահերթ սարքավորումներ, այդ թվում՝ հրետանային զինամթերք և հակաօդային պաշտպանության միջոցներ մատակարարելու համար», – նշել է նա։Հստակեցվում է, որ Կիև մատակարարումների մեծ մասը կիրականացվի մինչև տարեվերջ։
Հուլիսի 26-ին Եվրահանձնաժողովը հայտարարել էր, որ ՌԴ-ի սառեցված ակտիվների վերաներդրումից 1,5 միլիարդ եվրոյի չափով առաջին մասնաբաժինը կհատկացվի Ուկրաինայի համար զենք գնելու նպատակով։ Կիևը դրանք ուղղակիորեն չի ստանա։ Գումարը կփոխանցվի, այսպես կոչված, Խաղաղության եվրոպական հիմնադրամի և Ուկրաինայի աջակցության հիմնադրամի միջոցով՝ պահպանելու Ուկրաինայի ռազմական հնարավորությունները և վերակառուցելու երկիրը: Երկու հիմնադրամների աշխատանքն էլ կարգավորում է Եվրահանձնաժողովը։
ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան զգուշացրել է, որ Ռուսաստանը կոշտ պատասխան կտա, եթե ռուսական ակտիվներից ստացված եկամուտները փոխանցվեն Ուկրաինային։
Ուկրաինայում ռազմական գործողությունների սկսվելուց ի վեր G7-ի և Եվրամիության երկրներում, ինչպես նաև Ավստրալիայում արգելափակվել են շուրջ 280 միլիարդ դոլարի ռուսական ակտիվներ։