Հայաստանում կխթանվի ֆրանսերենի ուսուցումը. ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն ու ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանությունը կհամագործակցեն
Հայաստանի հանրակրթական ուսումնական հաստատություններում ֆրանսերենի դասավանդումը խթանելու, երկրի ավագ դպրոցներում ֆրանսերենի խորացված ուսուցում և լրացուցիչ ֆրանկոֆոն ծրագիր իրականացնելու նպատակով սեպտեմբերի 17-ին ՀՀ ԿԳՄՍ նախարարության և ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության միջև փաստաթղթեր ստորագրվեցին:
Փաստաթղթերը ստորագրեցին ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ու ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին:
Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ այն ծրագիրը, որ նախաձեռնում են մեկնարկել, ամբողջությամբ համահունչ է հանրակրթության ոլորտում իրականացվող բարեփոխումներին։ «Հանրակրթության նոր չափորոշիչով մենք խնդիր ենք դրել բարելավելու օտար լեզուների իմացությունը մեր դպրոցներում։ Հատկապես ուրախ եմ, որ դպրոցներում ֆրանսերենի զարգացման ուղղությամբ դեսպանատան հետ հետևողական ջանքեր ենք գործադրում։ Այս ծրագրի շրջանակում հնարավորություն ենք ունենալու դպրոցներում ներդնելու ֆրանսերենի ուսուցման նոր ծրագրեր, օգտագործելու նոր դասագրքեր և նյութեր, ինչպես նաև մեծ աշխատանք տանելու ուսուցիչների կարողությունների զարգացման ուղղությամբ՝ ձևավորելով վերապատրաստող ուսուցիչների խումբ»,-ասաց նա։
Նախարարը կարծում է՝ Հայաստանում ֆրանսերենի ուսուցիչները լավ համայնք են, ինչը նաև դեսպանատան ջանքերի շնորհիվ է։ Նա հույս ունի, որ ծրագրի առաջին շահառուն էլ սովորողների հետ միասին կլինեն նաև ֆրանսերենի ուսուցիչները։ «Հստակեցնելու ենք ֆրանսերեն խորացված ուսուցման առանձին ծրագրերով աշխատող դպրոցների և հավելյալ դպրոցներ ընդգրկելու հնարավորությունը։ Այս պահին 19 դպրոցի մասին ենք խոսում, բայց ծրագրերը կարող են մեծ հետաքրքրություն առաջացնել նաև այլ դպրոցների շրջանում»,-հավաստիացրեց նա և շնորհակալություն հայտնեց Ֆրանսիայի դեսպանատանը շարունակական համագործակցության համար։
Ժաննա Անդրեասյանը հիշեցրեց, որ դեսպանատան հետ կրթության ոլորտում համագործակցության մեծ օրակարգ ունեն, ինչն ամենևին պատահական չէ, քանի որ Հայաստանը շատ կարևորում է Ֆրանսիայի հետ հարաբերությունները։ Նրա խոսքով՝ ֆրանկոֆոն միջավայրը բարելավելու բոլոր ջանքերն ուղղված են Հայաստանի՝ այդ ցանցում ավելի կայուն ներկյացավածությանը։
Ժաննա Անդրեասյանը հիշեցրեց, որ 2027 թվականին Հայաստանը հանձնառություն է ստանձնել հյուրընկալել Ֆրանկոֆոնիայի 10-րդ միջազգային մարզամշակութային խաղերը, որի ընթացքում ևս կնպաստեն ֆրանսերենի տարածմանն ու զարգացմանը։
Օլիվիե Դըկոտինյին էլ շեշտեց՝ իրենց նպատակն է դեսպանության ծառայություններն առաջարկել բոլոր այն դպրոցներին, ուսուցիչներին, որոնք ընտրում են ֆրանսերենը սովորելու ուղին։ «Մենք ցանկանում ենք ոչ միայն Երևանում, այլև մարզերում տարածել ֆրանսերենը, իսկ Հայաստանի՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանը տարբեր կարգավիճակներում անդամակցելը շատ ռազմավարական և լավ մտածված քայլ էր»,-ասաց դեսպանը։
Անդրադառնալով 2027-ին Հայաստանում Ֆրանկոֆոնիայի 10-րդ միջազգային մարզամշակութային խաղերն անցկացնելուն՝ դեսպան Դըկոտինյին հավաստիացրեց՝ իրենք ամեն կերպ կաջակցեն մարզամշակութային միջոցառումների կազմակերպմանը և Հայաստանին կփոխանցեն Փարիզի օլիմպիական խաղերի կազմակերպման փորձը։ Դեսպանն ընդգծեց՝ շատ լավ հիշում են, որ 2018-ին Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովն անցկացվեց Հայաստանում։ Տասն օրից այն տեղի կունենա Ֆրանսիայում, որին կհյուրընկալվի նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ֆրանկոֆոնիան առանձնահատուկ կապ է ստեղծում երկու երկրի միջև։ Այն նաև Հայաստանի համար ռազմավարական հետաքրքրություն է ներկայացնում. երբ ասում ենք Ֆրանկոֆոնիա, հասկանում ենք ֆրանկոֆոն երկրների՝ հատկապես Ֆրանսիայի հետ բազմաբնագավառ, բազմաժանր համագործակցություն՝ քաղաքական, մշակութային, դիվանագիտական, ինչպես նաև ռազմական ոլորտում»,-նշեց Օլիվիե Դըկոտինյին։Վերադառնալով նախարարության հետ աշխատանքին՝ դեսպանը ասաց՝ նախագծի շրջանակում Ֆրանսիան 600 հազար եվրո տրամադրելու ֆրանսերենի ուսուցման մակարդակը բարձրացնելու ուղղությամբ։Դըկոտինյին հանդիպել է ֆրանսերենի ուսուցիչների հետ։ Նա կարծում է՝ ֆրանսերեն լեզվի, մշակույթի, գրականության նկատմամբ առանձնահատուկ սերն կա Հայաստանում, և ուսուցիչները շատ լավ գիտեն, թե ինչպես փոխանցել այդ սերը։ «Նախագծի նպատակն է ֆրանսերենի ուսուցիչների համար վերապատրաստումներ իրականացնել Հայաստանում, նրանց նոր մեթոդներով զինել, որոնք կհամապատասխանեն նոր չափորոշիչներին։ Նախագծի նպատակներից է նաև ֆրանսերենի խորացված ուսուցմամբ ցանցի ընդլայնումը»,-շեշտեց դեսպանը։
Նա շնորհակալություն հայտնեց Ժաննա Անդրեասյանին և այլ աջակիցների Հայաստանում ֆրանսերենի զարգացման հարցում շահագրգռված լինելու համար, ջերմ հյուրընկալության համար։