Թրամփի դեմ մահափորձի կասկածյալը 12 ժամ թաքնված է եղել թփերում
ԱՄՆ նախկին նախագահ, ընտրությունների հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ մահափորձի կասկածյալն, ամենայն հավանականությամբ, գոլֆի դաշտում թփերի մեջ թաքնված է եղել շուրջ 12 ժամ։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
Գաղտնի ծառայությունը նկատել է կասկածյալի ինքնաձիգի փողը, և նրան չի հաջողվել կրակոցներ արձակել, սակայն այս միջադեպը հարցեր է առաջացրել այն մասին, թե ինչպես է զինված մարդն այդքան մոտեցել Թրամփին նրա դեմ առաջին մահափորձից ընդամենը երկու ամիս անց։ Բացի այդ, հարց է առաջացել, թե ինչպես է կասկածյալը տեղեկացել գոլֆի ակումբ Թրամփի այցի մասին, երբ դա չի եղել նրա գրաֆիկում, որը հանրայնորեն հասանելի է։
Գոլֆի դաշտն ուսումնասիրող գաղտնի գործակալը նկատել է ինքնաձիգի փողը և կրակ բացել։Թրամփը X Spaces հարթակում պատմել է տեղի ունեցածի մասին։«Հանկարծ մենք դեպի օդ արձակված կրակոցներ լսեցինք, կարծես, չորս կամ հինգ։ Գաղտնի ծառայությունն անմիջապես հասկացավ, որ դրանք փամփուշտներ են, և ինձ բռնեցին։ Մենք նստեցինք մեքենաները և բավական արագ հեռացանք։ Ես գործակալի հետ էի, և գործակալը հրաշալի կատարեց իր աշխատանքը», – ասել է Թրամփը։
Նա միևնույն ժամանակ հավելել է, որ իր անվտանգության աշխատակիցների թիվը պետք է ավելացնել։
58-ամյա կասկածյալ Ռայան Ռութը փախել էր դեպքի վայրից՝ այնտեղ թողնելով ինքնաձիգը, թվային տեսախցիկ և ուտելիքով տոպրակ։ Նրան բռնել են 40 րոպե անց։ Ըստ ստացված տվյալների՝ Ռութի հեռախոսը գոլֆի դաշտում է եղել գիշերը ժամը 1:59-ից, այսինքն՝ միջադեպից 11,5 ժամ առաջ։
Ըստ ԶԼՄ-ների՝ 2002-2010 թթ. կասկածյալը մեղադրվել և դատապարվել է մի շարք հանցագործությունների, այդ թվում՝ զենք թաքցնելու, ձերբակալմանն ընդդիմանալու, վրաերթի վայրից փախչելու, ուժը կորցրած վկայականով մեքենա վարելու և գողացված գույքի սեփականատեր լինելու համար։