ՌԴ-ում չեն բացառել ԱՄՆ-ին տիտանի և ուրանի մատակարարումները սահմանափակելու հնարավորությունը
Ռուսաստանը չի բացառում, որ կսահմանափակի ուրանի, տիտանի և նիկելի արտահանումը Միացյալ Նահանգներ, սակայն ամբողջությամբ չի դադարեցնի և ուշադիր կվերլուծի նման միջոցների հնարավոր հետևանքները։ Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտնել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։
«Տնտեսական հակազդեցությունները պատժամիջոցային ճնշումների դեմ կարող են շատ տարբեր լինել։ Այն, որ թեման մտել է հանրային քննարկման տիրույթ, ինքնին ազդանշան է։ Մենք կշռում ենք դրա հետևանքները», – ասել է ռուս պաշտոնյան։
Փոխնախարարի խոսքով՝ նախագահն ու կառավարությունը հույզերին չեն տրվելու ու այս ոլորտում ոչինչ այնպես չեն որոշելու, որ հետո փոշմանեն։ Ռյաբկովը վստահ է, որ չի կարելի բացառել կոշտ պատասխան քայլերը։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր հերթին առաջարկել է կառավարությանը դիտարկել արտաքին շուկա ուրանի, տիտանի և նիկելի մատակարարման սահմանափակումները, սակայն այդ սահմանափակումները չպետք է վնասեն Ռուսաստանին։ Նա համապատասխան հանձնարարականներ է տվել վարչապետ Միխայիլ Միշուստինին։