
Չինական բանակը Գերմանիային մեղադրել է Թայվանի նեղուցում անվտանգության ռիսկերի մեծացման մեջ

Չինաստանը հայտարարել է, որ գերմանական երկու նավերի անցումը Թայվանի նեղուցով մեծացրել է անվտանգության ռիսկերը։ Այդ մասին հայտարարել է Չինաստանի Ժողովրդաազատագրական բանակի Արևելյան մարտական հրամանատարական գոտու պաշտոնական ներկայացուցիչ Լի Սին։
«Գերմանական Baden-Württemberg ֆրեգատը և գերմանական Frankfurt am Main նավը անցել են Թայվանի նեղուցով՝ դառնալով հանրային շահարկումների առարկա», – ասվում է հրապարակված հայտարարության մեջ:
Լի Սին պարզաբանել է, որ չինական կողմը վերահսկողության միջոցներ է ձեռնարկել՝ օգտագործելով ռազմածովային և օդային ուժերը՝ վերահսկելու այդ նավերը նեղուցով անցնող ողջ երթուղու ընթացքում։ «Գերմանական կողմի պահվածքը մեծացնում է անվտանգության ռիսկերը և սխալ ազդանշաններ է ուղարկում», – ընդգծել է նա:
«Մեր զորքերը մշտապես բարձրացված մարտական պատրաստության վիճակում են, մենք վճռականորեն դեմ ենք բոլոր սպառնալիքներին և սադրանքներին»,- ասել է Լի Սին: