
Հայաստան-Բրազիլիա՝ 3-1. շախմատի Համաշխարհային օլիմպիադա

Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականը երրորդ անընդմեջ հաղթանակը տարավ Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ընթացող Համաշխարհային 45-րդ Օլիմպիադայում:
Երրորդ տուրում Հայաստանի հավաքականը 3-1 հաշվով հաղթեց Բրազիլիայի թիմին: Պարտիաները հաղթանակով ավարտեցին սպիտակ ֆիգուրներով հանդես եկած Կարեն Գրիգորյանն ու Շանթ Սարգսյանը: Հայկ Մարտիրոսյանն ու Գաբրիել Սարգսյանը սև ֆիգուրներով ոչ-ոքիներ գրանցեցին:
Առաջին տուրում Հայաստանի հավաքականը 4-0 հաշվով հաղթել էր Մալթայի թիմին, երկրորդ տուրում էլ 3-1 հաշվով առավելության էր հասել Անդորրայի ընտրանու նկատմամբ:
Հայաստանի հավաքականը 6 միավորով բաժանում է 1-14-րդ տեղերը:
Համաշխարհային Օլիմպիադիան անցկացվում է 11 մրցափուլով, կավարտվի սեպտեմբերի 22-ին: Սեպտեմբերի 17-ը հանգստյան օր է։