Ստացվում է՝ Նիկոլ Փաշինյանն իր հույսը դնում է ադրբեջանական երաշխիքների վրա․ «Փաստ»

Նորություն չէ, որ փոքր պետությունները, ուզեն թե չուզեն, իրենց քաղաքականությունը կառուցելիս պետք է հաշվի առնեն գլոբալ և տարածաշրջանային ներազդեցություն ունեցող կենտրոնների դիրքորոշումն ու շահերը։ Ու կարևոր է այն հարցը, թե որքանով հնարավոր կլինի ստանալ այդ ուժային կենտրոնների հավանությունը։ Անգամ հաշվի է առնվում միջազգային արենայում մեծ ազդեցություն ունեցող պետությունների ներքաղաքական իրադրությունը։ Բայց զարմանալին այն է, որ Հայաստանի այս պահի ղեկավարը փաստացի անտեսում է միջազգային ուժային կենտրոնների հնարավոր ներգրավվածության նշանակությունը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում։ Ընդ որում, երբ խոսքը միջազգային երաշխավորի ինստիտուտի մասին է, ապա Փաշինյանն ընդգծում է, թե մեզ երաշխավոր պետք չէ, և բոլոր այն երկրների համար, որոնք կարող են երաշխավոր լինել, Հայաստանն ընդամենը մանրադրամ է։

Այն, որ Հայաստանը հրաժարվում է ռուսական միջնորդությամբ բանակցություններից, դա պարզ է։ Փաշինյանի իշխանությունը տևական ժամանակ Ռուսաստանին մերժելու դիրքորոշում է որդեգրել։ Այդ դեպքում ինչո՞ւ է հրաժարվում Արևմուտքի միջնորդությունից, որին ՀՀ ղեկավարությունը փորձում է ամեն կերպ սիրաշահել ու ցույց տալ, թե Հայաստանը թեքվում է դեպի Արևմուտք։

Միգուցե Փաշինյանը տողատակով փորձում է հասկացնել, թե Արևմուտքի հետ ևս չպետք է հույսեր կապե՞լ, քանի որ արևմտյան երկրներն ուղղակի իրեն «գցել են» ու միայնակ են թողել տեղի ունեցող գործընթացներում։ Այդ դեպքում ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանն իր հույսը դնում է… ադրբեջանական երաշխիքների վրա, ինչն, ինչպես բազմիցս ենք համոզվել, ոչ մի տեղ չտանող ճանապարհ է։ Պատկերավոր ասած՝ Ադրբեջանի կողմից տրվող երաշխիքներն ավելի շատ չերաշխավորելու մասին կարող են լինել։ Մյուս կողմից էլ՝ այս հարցում Փաշինյանը միմյանց հակասող մոտեցումներով է հանդես գալիս։ Ժամանակին խորհրդարանի ամբիոնից նա հայտարարում էր, թե «միջազգային հանրությունը մեզ ասում է՝ մի փոքր իջեցրեք Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում ձեր նշաձողը, և միջազգային մեծ կոնսոլիդացիա կապահովենք Հայաստանի ու Արցախի շուրջ»։

Արդյունքում Փաշինյանը ոչ թե իջեցրել է Արցախի հարցում Հայաստանի նշաձողը, այլև ընդհանրապես հողին է հավասարեցրել այն։ Բա ո՞ւր է միջազգային հանրության այդ կոնսոլիդացիան Հայաստանի ու Արցախի շուրջ։ Ու հիմա արդեն նա հակասում է իր նախկին հայտարարությանը՝ նշելով, թե միջազգային հանրության և միջնորդների հետ հույսեր կապելը մոլորություն է։

Մյուս կողմից էլ՝ եթե միջնորդներ ու երաշխավորներ պետք չեն, ինչո՞ւ էր ինքն անձամբ մասնակցում Մինսկի խմբի համանախագահության կազմակերպած հանդիպումներին։ Արցախյան պատերազմի ավարտից հետո էլ 15 կետանոց ճանապարհային քարտեզ էր ներկայացնում, որտեղ առաջին հերթին խոսում էր Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում բանակցությունների վերսկսման մասին։

Տեսանյութեր

Լրահոս