Իրանի խորհրդարանում իրագործելի են համարել մայրաքաղաքը տեղափոխելու մասին երկրի նախագահի գաղափարը
Թեհրանից Իրանի մայրաքաղաքի տեղափոխումը միանգամայն իրագործելի է, չնայած այն հանգամանքին, որ այդ գործընթացը բավականին աշխատատար է և միջոցներ է պահանջում։ Ինչպես տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտարարել է Իրանի Մեջլիսի ներքին քաղաքականության հանձնաժողովի անդամ Սեյեդ Ռուհոլլա Մուսավին։
«Մայրաքաղաքի տեղափոխման գործընթացը բավականին աշխատատար է, բարդ, պահանջում է հսկայական միջոցներ, բայց եթե տեղափոխման համար տարածքի համապատասխան նախապատրաստում իրականացվի, ապա դա իրագործելի է»,- ասել է Մուսավին ILNA գործակալությանը տված հարցազրույցում։
Նրա խոսքով՝ տրամաբանական կլիներ մի քանի նախարարություններ տեղափոխել այնտեղ, որտեղ կենտրոնացած են պրոֆիլային ընկերություններն ու արտադրությունները, իսկ պողպատի արդյունաբերության օբյեկտները կարող են տեղակայվել ծովին ավելի մոտ, քանի որ դրանք մեծ քանակությամբ ջուր են պահանջում։
Սեպտեմբերի 7-ին Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել էր Իսլամական Հանրապետության մայրաքաղաքը Թեհրանից Պարսից ծոցի ափ տեղափոխելու անհրաժեշտության մասին։ Նա նշել էր, որ Թեհրանը ներկայում բախվում է խնդիրների, որոնք այլ կերպ հնարավոր չէ լուծել։