Ֆինլանդիան Ուկրաինային կմատակարարի 118 միլիոն եվրոյի ռազմական օգնության 25-րդ փաթեթը
Ֆինլանդիան Ուկրաինային կմատակարարի շուրջ 118 միլիոն եվրոյի ռազմական օգնության 25-րդ փաթեթը. ֆիննական աջակցության ընդհանուր ծավալը կկազմի մոտավորապես 2,3 միլիարդ եվրո: Այս մասին հաղորդագրություն է տարածել Ֆինլանդիայի պաշտպանության նախարարությունը։
«Ռազմական իրադրությունն Ուկրաինայում շարունակում է մնալ լուրջ: Ինչպես և խոստացվել էր, Ֆինլանդիան շարունակում է նյութական օգնություն ցուցաբերել: Մեր ուղերձը գործընկեր երկրներին այն է, որ չի կարելի հանձնվել», – հաղորդագրությունում մեջբերվում է Ֆինլանդիայի պաշտպանության նախարար Անտի Հյակկյանենի խոսքը։
Պաշտպանական գերատեսչությունը նշում է, որ գործառնական պատճառներից ելնելով, ինչպես նաև նշանակման կետ բեռի անվտանգ առաքումն ապահովելու նպատակով՝ օգնության բովանդակության, դրա առաքման եղանակների կամ գրաֆիկի մասին ավելի մանրամասն տեղեկատվություն չի տրամադրվի։
Ըստ հաղորդագրության՝ լրացուցիչ օգնության մասին որոշում կայացնելիս հաշվի են առնվել ինչպես Ուկրաինայի կարիքները, այնպես էլ Ֆինլանդիայի պաշտպանության ուժերի ռեսուրսները։