Սթարմերը Բայդենի հետ կքննարկի Կիևի կողմից ՌԴ տարածքին հարվածներ հասցնելու թույլտվության հարցը
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը մեկնել է Վաշինգտոն, որպեսզի Վաշինգտոնի կողմից հավանություն ստանա արդեն ընդունված որոշման վերաբերյալ, որով թույլատրվում է Ուկրաինային արտոնել Storm Shadow հրթիռներով հարվածներ հասցնել ՌԴ տարածքի խորքերին: Այս մասին գրում է The Guardian-ը:
«Վարչապետն ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ հանդիպելու նպատակով Վաշինգտոն մեկնելու ճանապարհին իր խոսքում փորձել է արդարացնել փակ դռների հետևում Արևմուտքի կողմից ընդունված որոշումը, որն Ուկրաինային թույլ կտար մասամբ բրիտանական արտադրության Storm Shadow հրթիռներով հարվածներ հասցնել Ռուսաստանի տարածքին», – ասվում է հոդվածում։
Ըստ հրապարակման՝ Սթարմերը հրաժարվել է ուղղակիորեն մեկնաբանել Storm Shadow-ի վերաբերյալ հարցը, սակայն ասել է, որ կցանկանար համոզվել այն բանում, որ «մեր կողմից ընդունված յուրաքանչյուր որոշում համապատասխանում է ռազմավարական համատեքստին»՝ այդ հարցերը սեպտեմբերի 13-ին քննարկելով Սպիտակ տան ղեկավարի հետ:
«Առաջիկա մի քանի շաբաթների և ամիսների ընթացքում ինչպես Ուկրաինայում, այնպես էլ Մերձավոր Արևելքում հավանական են իսկապես կարևոր իրադարձություններ, ուստի անհրաժեշտ է ընդունել մի շարք մարտավարական որոշումներ»,- ասել է Բրիտանիայի վարչապետը:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր հերթին հայտնել էր, որ արևմտյան հեռահար զենքով Ռուսաստանին հարվածելու թույլտվությունը հավասարազոր կլինի ՆԱՏՕ-ի երկրների կողմից պատերազմին ուղղակի մասնակցության։ Արձագանքելով այս խոսքերին՝ Սթարմերը նշել է, որ ՆԱՏՕ-ի երկրները չեն ձգտում Ռուսաստանի հետ պատերազմի, այլ պարզապես աջակցում են ինքնապաշտպանվելու՝ Ուկրաինայի իրավունքին։