Իսրայելը «շատ հավանական է» համարում, որ Արևմտյան ափին թուրք-ամերիկուհի ցուցարարին սպանել են իսրայելցի զինվորները
Իսրայելի զինվորականները հայտարարել են, որ «շատ հավանական է», որ Հորդանան գետի Արևմտյան ափին իրենք ոչ միտումնավոր կերպով սպանել են ԱՄՆ-ի և Թուրքիայի քաղաքացի 26-ամյա մի կնոջ, որն այնտեղ մասնակցում էր ցույցի։
BBC-ն հաղորդում է, որ Այսենուր Էզգի Էյգին սեպտեմբերի 6-ին Նաբլուսից ոչ հեռու գտնվող Բեյթա քաղաքում ցույցի էր դուրս եկել հրեական բնակավայրերի ընդլայնման դեմ։ Տեղի լրատվամիջոցները հայտնել էին, որ ակտիվիստուհուն սպանել են Իսրայելի պաշտպանության բանակի (ԻՊԲ) զինվորները, որից հետո ԻՊԲ-ն հետաքննություն էր սկսել։
Սեպտեմբերի 10-ին հրապարակված հետաքննության արդյունքների համաձայն՝ «շատ հավանական է, որ նա ոչ ուղղակիորեն և ոչ միտումնավոր կերպով հարված է ստացել ԻՊԲ-ի կրակից, որը նրան չի թիրախավորել, այլ թիրախավորել է խռովության հիմնական հրահրողին»։
ԻՊԲ-ն նաև հայտնել է, որ «խորապես ցավում է Այսենուր Էզգի Էյգիի մահվան համար»։ԱՄՆ-ն խստորեն է արձագանքել այս հայտարարությանը։ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ ԻՊԲ-ի հետաքնությունը ցույց է տալիս, որ Էյգիի մահը «չհրահրված էր և չարդարացված»։
«Ոչ ոք չպետք է սպանվի ցուցի ներկա գտնվելիս», – լրագրողներին հայտնել է Բլինքենը հետաքննության արդյունքների հրապարակումից կարճ ժամանակ անց։Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Իսրայելի գործողություններն անվանել էր «բարբարոսական»:
Այսենուր Էզգի Էյգին «Միջազգային համերաշխության շարժում» պաղեստինամետ կազմակերպության անդամ էր, որը Բեյթայում ամեն շաբաթ ցույցեր է անցկացնում Իսրայելական բնակավայրերի ընդլայնման դեմ։ Ցուցարարերից մեկն ավելի վաղ BBC-ին հայտնել էր որ սեպտեմբերի 6-ին՝ սպանության օրը, Էյգին առաջին անգամ էր տվյալ կազմակերպության ցույցի մասնակցում։