Բաժիններ՝

Երևանի ավագանին հաստատել է մայրաքաղաքի գլխավոր հատակագիծը

Երևանի ավագանին սեպտեմբերի 10-ի նիստում քննարկել և ընդունել է «Երևան քաղաքի գլխավոր հատակագիծը հաստատելու մասին»  որոշման նախագիծը։ Ներկայացնելով նախագիծը, «Երևան նախագիծ» ՓԲԸ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Անդրանիկ Սեդոյանը նոր գլխավոր հատակագծի անհրաժեշտությունը պայմանավորվել է ՀՀ մասնավորապես Քաղաքաշինության մասին օրենքով ընթացիկ տարվա հուլիսի 1-ից ուժի մեջ մտած այն կետով, որի համաձայն գլխավոր հատակագիծ չունեցող համայնքներն այլևս հնարավորություն չեն ունենա նախագծման թույլտվություն տրամադրել և հողամասերի օտարում իրականացնել։ 

«Մենք քաղաքապետի գլխավորությամբ հանձն առանք նոր գլխավոր հատակագծի մշակման աշխատանքները, որոնք մեկնարկել են մոտ 8 ամիս առաջ։ Կարճ ժամանակահատվածում բավական մեծ աշխատանք է կատարվել ելակետային նյութերի հավաքագրման մասով։ Փորձել ենք գեներացնել մի փաստաթուղթ, որը  թեպետ ամբողջությամբ չի լուծում այն խնդիրները, որոնք այսօր կան Երևանի համար, սակայն այս փաստաթղթով կարգավորվում են մի շարք հարցեր, որոնք առնչվում են Երևան համայնքի բնակիչներին, Երևանի շահերին»,-հավաստիացրել է Սեդոյանը։

Նրա խոսքով՝ Երևանի նախորդ գլխավոր հատակագծում կային ձևակերպումներ, որոնք խնդիրներ էին ստեղծում այլ գերատեսչությունների ու  քաղաքացիների հետ փոխհարաբերություններում։ Դրանք առնչվել են գրանցված իրավունքներին, որոնք Հողային օրենսգրքի և գլխավոր հատակագծի դեպքում չէին համադրվում։ 

«Կատարվել են շտկումներ և այն տերմինները, որոնք տեղ են գտել առաջարկվող գլխավոր հատակագծում, բացառապես համապատասխանում են Հողային օրենսգրքին։ Նախորդ գլխավոր հատակագծում կանաչ տարածքները ձևակերպված էին որպես հասարակական նշանակության կանաչ գոտիներ, որը չէր համընկնում Հողային օրենսգրքի ձևակերպմանը։ Ներկայում այն փոփոխվել է և հստակ ամրագրվել, որ դրանք բնակավայրերի ընդհանուր օգտագործման տարածքներն են՝ որոշ դեպքերում զբոսայգիներ, որոշ դեպքերում էլ  ճանապարհներ, փողոցներ»,-ասել է զեկուցողը։ 

Երևանի նոր գլխավոր հատակագծով որոշ սահմանափակումներ են իրականացվել բակային տարածքների  մասով։ Դրանք ամրագրվել են որպես ընդհանուր օգտագործման տարածքներ, որպեսզի համայնքային հողերի վրա չիրականացվեն նոր կառուցապատումներ։ Ճշգրտվել են մայրաքաղաքում առկա այգիների ցանկը և դրանց մակերեսները։ Որպես հատուկ պահպանվող՝ կանաչ տարածքի կարգավիճակ է շնորհվել Հրազդանի կիրճին, որը ներառվել է սահմանափակումների մեջ է՝ հետագայում այնտեղ ցանկացած տիպի կառուցապատումները բացառելու նպատակով։ Առկա ելակետային նյութերի հիման վրա թարմացվել է Երևանի ճանապարհափողոցային ցանցը, քանի որ, ըստ Սեդոյանի, անցած տարիներին կառուցվել էին որոշ ճանապարհներ, որոնք որևէ փաստաթղթում արձանագրված չեն եղել ճիշտ հետագծով։

Ինչ վերաբերում է Երևանի ճանապարհատրանսպորտային ցանցին, ապա այն, զեկուցողի ներկայացմամբ, մշակվել է նախորդ գլխավոր հատակագծի հիմնակմախքի վրա և հատվածները, որոնք նախորդ ռազմավարական փաստաթղթով չեն իրականացվել, բայց արդիական են, ներառվել են նորում՝ փուլային իրականացման նպատակով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս