«Փաշինյանը մեր քաղաքացիներին ռազմաճակատ ուղարկել կարող է, բայց չի կարող կետ ներառել, որ գերությունից վերադառնա՞ն». Աննա Գրիգորյան
«Փաշինյանն օրերս հայտարարել է, որ պատրաստ է ստորագրել մի փաստաթուղթ, որն ինքը կոչում է խաղաղության պայմանագիր. Նախ՝ որևէ մեկը չգիտի այդ պայմանագրի բովանդակությունը, գիտեն, որ 17 կետ է, որից 13-ն է համաձայնեցված, ժողովուրդը չգիտի՝ ինչ է գրված այդ փաստաթղթում, բայց գիտի՝ ինչ գրված չէ»,- ԱԺ-ում ասաց «Հայաստան» խմբակցութան պատգամավոր Աննա Գրիգորյանը՝ թվարկելով, թե ինչ ներառված չէ փաստաթղթում:
«Այդ փաստաթղթում ներառված չէ Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքը: ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Ռուսաստանը, բազմաթիվ այլ երկրներ խոսում են Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի մասին, ՀՀ կառավարությունն Ադրբեջանի հետ խաղաղության մասին պայմանագիր է ստորագրում, դրան որևէ անդրադարձ չի կատարում»,- ասաց նա՝ ընդգծելով, որ Ադրբեջանում պահվող գերիների և Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության հարցը ևս ներառված չէ:
«Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանը մեր քաղաքացիներին ռազմաճակատ ուղարկել կարող է, բայց պայմանագիր ստորագրելիս չի կարողանում կետ ներառել, որ մեր հայրենակիցները վերադառնա՞ն: Սահմանազատման մասին բազմիցս խոսել եմ, հիմա առանձին թուղթ եք բերել, ո՛չ քարտեզ կա կանոնակարգի մեջ, որևէ բան գրված չէ, ապահովագրված չէ, որ Ադրբեջանը դուրս է գալու մեր երկրի տարածքից, անունը դրել եք խաղաղության փաստաթուղթ:
Ապաշրջափակման հարցը դուրս է եկել այդ պայմանագրից և ընդամենը մի կոնտեքստում է ակնարկվում՝ Նախիջևան-Ադրբեջան կապի վերահսկողությունն ում է պատկանելու: Սա ուղղակի աբսուրդ է: Այսքանով հանդերձ, նույնիսկ երաշխավոր չկա այդ փաստաթղթի: Այսինքն՝ ոչ մի բանի մասին պայմանագիրը Նիկոլ Փաշինյանն ուզում է վերցնի՝ 13 լինի, մի կետ լինի, ընդհանրապես կետ չլինի, վերևը գրված լինի՝ խաղաղություն, մոտենա, ժողովրդին ասի՝ ժողովուրդ, ձեզ ասել էի՝ խաղաղություն եմ բերում, հես ա՝ գրված է խաղաղություն, հետո՞ ինչ, որ մեր քաղաքացիներն Ադրբեջանի բանտերում են, հետո՞ ինչ, որ ադրբեջանական զորքը մեր երկրի տարածքում է, սահմանները փակ են, գրված է խաղաղություն, սա է իրականությունը»,- ընդգծեց պատգամավորը:
Մանրամասները՝ տեսանյութում