Նոյեմբերի 9-ի հայտարությամբ կոմունիկացիաների անվտանգության երաշխավորի դերը ՀՀ-ինն է. Փաշինյան

Որևէ գործընկեր որևէ հիմք չունի մեղադրելու Հայաստանի Հանրապետությանը 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության որևէ դրույթ չիրականացնելու մեջ։ Այսօր «Երևանյան երկխոսություն» համաժողովի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

«Իսկ ինչպես տեսնում եք, ՀՀ-ն և ցանկացած անկախ ու օբյեկտիվ դիտորդ ունի հիմքեր ասելու, որ եռակողմ հայտարարության մեր մյուս գործընկերները չեն իրականացրել առնվազն ամբողջությամբ իրենց պարտավորությունները»,- ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը հաճախ վերագրվում են այնպիսի կետեր և դրույթներ, որոնք իրականանում այնտեղ չկան։

Օրինակ, հայտարարության 9-րդ կետը փորձ է արվում ներկայացնել, թե իբր Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի միջև կապն ապահովելու մասին է։ Մինչդեռ ըստ այդ դրույթի՝ ապաշրջափակվում են տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը։

«Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի միջև կապը 9-րդ կետի ենթաբովանդակային դրույթ է, իսկ 9-րդ կետի հիմնական բովանդակությունը տարածաշրջանի բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու մասին է»,- հայտարարեց Փաշինյանը։

Մեկ այլ թյուրըմբռնում կապված է հաղորդակցության ուղիների ապաշրջափակման և անվտանգության ապահովման հետ, մասնավորապես այն հարցի, թե ով պետք է լինի անվտանգության երաշխավորը։

«ՀՀ-ն երաշխավորում է Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը, քաղաքացիների, տրանսպորտային միջոցների, բեռների երկու ուղղություններով անխոչընդոտ տեղաշարժն ապահովելու նպատակով»,-  հայտարարությունից մեջբերում արեց Փաշինյանը՝ ընդգծելով, որ այստեղ խոսք չկա այն մասին, որ հաղորդակցության անվտանգությունը կարող է երաշխավորվել երրորդ ուժերի կողմից։

Ըստ նրա՝ այլ կերպ չէր էլ կարող լինել, որ ինքնիշխան երկրի տարածքում այլ երկիր երաշխավորեր անվտանգությունը։

Այսպիսով, ըստ Փաշինյանի, ՀՀ կառավարության առաջարկած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը լիարժեք տեղավորվում է 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության տրամաբանության և Հարավային Կովկասում տևական ու կայուն խաղաղություն հաստատելու տրամաբանության մեջ։

Տեսանյութեր

Լրահոս