Ադրբեջանի Սահմանադրության տարածքային պահանջները ՀՀ-ի նկատմամբ բանակցային թեմա չենք դարձնում․ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը «Երևանյան երկխոսություն» համաժողովի ժամանակ անդրադարձել է Ադրբեջանից հնչող հայտարարություններին, թե Հայաստանի Սահմանադրությունը պարունակում է տարածքային պահանջներ Ադրբեջանի նկատմամբ։

«Վերջին շրջանում շատ եք լսել հայտարարություններ, թե Հայաստանի Սահմանադրությունը պարունակում է տարածքային պահանջներ Ադրբեջանի նկատմամբ: Ինչո՞վ է հիմնավորվում այս դրույթը նրանց կողմից, ովքեր փորձում են դա հիմնավորել: Օրինակ, նշում են, որ Սահմանադրության նախաբանում կա մասնակի հղում 1990 թվականի օգոստոսի 23-ին, այսինքն՝ դեռ ԽՍՀՄ-ի ժամանակ ընդունված Հայաստանի Անկախության հռչակագրին: Հռչակագրում խոսվում է 1989 թվականի դեկտեմբերի 1-ի Հայկական ԽՍՀ և Լեռնային Ղարաբաղի միավորման մասին Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի Գերագույն խորհրդի, Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշման մասին:

Թվում է, թե փաստարկը հիմնավոր է, սակայն Հռչակագրի հինգերորդ կետում ասվում է, որ Հայաստան Հանրապետությունն իր անվտանգությունն ու սահմանների անձեռնմխելիությունն ապահովելու նպատակով ստեղծում է գերագույն խորհրդին ենթակա սեփական զինված ուժեր, ներքին զորքեր, պետական և հասարակական անվտանգության մարմիններ:

Բայց երբ 1995 թվականին ընդունվել է ՀՀ Սահմանադրությունը, այդ պահից և նույնիսկ դրանից առաջ էլ Հայաստանի բոլոր ուժային կառույցները ենթարկվել են  հանրապետության նախագահին, իսկ 2015 թվականի սահմանադրական  փոփոխություններից հետո գտնվում են կառավարության ենթակայության ներքո:

Սա նշանակում է, որ Անկախության հռչակագրի դրույթները ՀՀ Սահմանադրության մեջ արտացոլված են տառացի և բառացի, ինչը նաև մեր իրավաբանական կարգավորումների շատ կարևոր դրույթ է, որպեսզի մենք հասկանանք օրենքներն ու տեքստերը»,- ասաց Փաշինյանը:

Նա հայտարարեց, որ ՀՀ Սահմանադրության մեջ ոչինչ չկա այն ամենի մասին, ինչ փորձ են անում վերագրել ՀՀ Սահմանադրությանը: «Սա էլ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության նման այն դեպքերից է, երբ փորձ է արվում ՀՀ Սահմանադրությանը վերագրել մի բան, որը նրանում գրված չէ և պարզապես չկա»,- ասել է Փաշինյանը:

Նա մեջբերեց ՀՀ Սահմանադրության հինգերորդ հոդվածի երրորդ կետը, որտեղ ասվում է․ «Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերի և օրենքների նորմերի միջև հակասության դեպքում գործում են միջազգային պայմանագրերի դրույթները»:

Փաշինյանը պարզաբանեց՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի հնարավոր կնքումից հետո, երբ այն վավերացվի նաև ՀՀ խորհրդարանի կողմից, գերակա են լինելու պայմանագրից բխող դրույթները։

Նա շեշտեց, որ Ադրբեջանի սահմանադրության մեջ կան տարածքային պահանջներ Հայաստանի նկատմամբ: «Սա հիմնավորվում է նրանով, որ 1991 թվականին ընդունված Ադրբեջանի սահմանադրական ակտը ընկած է Ադրբեջանի Սահմանադրության հիմքում, որն իր հերթին հղում է անում և բխում է 1918 թվականին Ադրբեջանի առաջին հանրապետության ստեղծման հռչակագրի հիման վրա: Այսինքն՝ Սահմանադրությունը հենվում է 1991 թվականին ընդունված պետական անկախության ակտի վրա, որն էլ իր հերթին հենվում է 1918 թվականի Անկախության հռչակագրի վրա, որում ասվում է, որ Ադրբեջանի տարածքներ են համարվում Արևելյան և Հարավային Անդրկովկասը:

Ավելին՝ 1919 թվականին Փարիզի խաղաղության կոնֆերանսին և նույն  թվականին Ազգերի լիգային Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետության գրանցման համար ներկայացվել են քարտեզներ, որոնք ներառում են Հայաստանի Սյունիքի և Վայոց ձորի մարզերն ամբողջությամբ, ինչպես նաև Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Տավուշի, Լոռու և Շիրակի մարզերից որոշակի հատվածներ:

Այս ամենը ակնհայտ է դարձնում, որ Ադրբեջանի սահմանադրությունը պարունակում է տարածքային պահանջներ Հայաստանի նկատմամբ: Կարևոր է արձանագրել նաև, որ մենք դա չենք դարձնում բանակցային թեմա, չենք բարձրացնում այդ հարցը, որովհետև խաղաղության պայմանագրի համաձայնեցված տեքստում մենք ունենք դրույթ, որն ասում է հետևյալը. «Կողմերից որևէ մեկը չի կարող հղում անել իր ներքին օրենսդրությանը՝ որպես արդարացում տվյալ միջազգային պայմանագրի դրույթները չիրականացնելու համար»:

Մենք մի կողմից տեսնում ենք, որ Ադրբեջանի սահմանադրության մեջ կան տարածքային պահանջներ Հայաստանի նկատմամբ, բայց մենք այդ հարցը չենք բարձրացնում՝ խաղաղության գործընթացը փակուղի չմտցնելու համար, այդ թվում նաև այն պատճառով, որ մենք համարում ենք, որ խաղաղության պայմանագրի տեքստը ամբողջությամբ արձանագրում և հասցեագրում է այդ խնդիրը»,- նշեց Փաշինյանը։

Տեսանյութեր

Լրահոս