Առաջարկում ենք 13+3 համաձայնեցված դրույթներով ստորագրել Խաղաղության պայմանագիր․ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը «Երևանյան երկխոսություն» խորագրով համաժողովի ժամանակ իր ելույթում անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններին։
«Դուք վերջին շրջանում շատ եք լսել, որ խաղաղության պայմանագրի 80 տոկոսը համաձայնեցված է, այդ մասին եղել են հայտարարություններ տարբեր ամբիոններից, և ուզում եմ գործնականում նշել, թե ինչ է դա նշանակում։ Խաղաղության պայմանագրի նախագծի՝ այս պահի դրությամբ առկա արդյունքներով 13 հոդված և նախագծի նախաբանն ամբողջությամբ համաձայնեցված են, ևս երեք հոդված, որոնք հիմնականում բաղկացած են երկու նախադասությունից, մասնակի համաձայնեցված են։
Եթե ավելի առարկայական լինեմ, այդ հոդվածների նախադասություններից մեկը համաձայնեցված է, մյուսը համաձայնեցված չէ։ Հայաստանի Հանրապետությունը, հաշվի առնելով, որ համաձայնեցված դրույթները ներառում են հարաբերությունների հաստատման միջազգայնորեն ընկալելի բոլոր կամ առանցքային, անկյունաքարային, հիմնարար դրույթները, առաջարկում է վերցնել այս պահին այն, ինչ համաձայնեցված է, ստորագրել, ունենալ հիմնարար փաստաթուղթ, որից հետո շարունակել քննարկումները մնացած հարցերի վերաբերյալ, մանավանդ որ հենց խաղաղության պայմանագրի համաձայնեցված հոդվածներից մեկում նախատեսված է մեխանիզմ, որը երկու կողմերին՝ Հայաստանին և Ադրբեջանին, հնարավորություն կտա համատեղ մեխանիզմի միջոցով շարունակել քննարկումները»,- մանրամասնեց Փաշինյանը։
Նա հավելեց, որ խաղաղության պայմանագրի՝ այս պահին համաձայնեցված մասում կա դրույթ Հայաստանի և Ադրբեջանի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու վերաբերյալ։
«Հետևաբար, մենք կարող ենք գնալ նման լուծումների, մենք այդ առաջարկն արել ենք հրապարակային և պաշտոնապես, և ես ուզում եմ վերահաստատել մեր պատրաստակամությունը, իմ պատրաստակամությունը՝ առաջիկա հնարավոր ժամկետում ստորագրել խաղաղության և հարաբերությունների հաստատման պայմանագրի համաձայնեցված տեքստը»,- հայտարարեց Փաշինյանը։