Բաժիններ՝

Ուկրաինան Իրանի բարձրաստիճան դիվանագետին կանչել է ԱԳՆ՝ Մոսկվային հրթիռների ենթադրյալ մատակարարումների հարցով

Ուկրաինան հայտնել է, որ Իրանի բարձրաստիճան դիվանագետին սեպտեմբերի 9-ին կանչել է արտգործնախարարություն և զգուշացրել նրան երկկողմ հարաբերություններում «ավերիչ և անշրջելի հետևանքների մասին», եթե պարզվի, որ Թեհրանը Մոսկվային բալիստիկ հրթիռներ է մատակարարել։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

CNN-ը և The Wall Street Journal-ն անցյալ շաբաթ, վկայակոչելով աղբյուրների, հայտնել էին, թե Իրանը փոքր հեռահարության բալիստիկ հրթիռներ է մատակարարել Ռուսաստանին։

Ուկրաինայի ԱԳՆ-ն հաղորդագրություն է տարածել՝ նշելով, որ կանչել է Իրանի գործերի ժամանակավոր հավատարմատար Շահրիար Ամուզեգարին, և նրան «կոշտ ձևով» նախազգուշացրել նման տեղեկությունների ճշմարտացիության դեպքում երկու երկրների հարաբերություններում լուրջ հետևանքների մասին։

Սեպտեմբերի 9-ին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի բարձրաստիճան հրամանատար Ֆազլոլլահ Նոզարին հայտարարել էր, որ ոչ մի հրթիռ չի ուղարկվել Ռուսաստան, և նման հայտարարությունները որակել էր որպես «հոգեբանական պատերազմ»։

«Իրանը չի սատարում ռուս-ուկրաինական հակամարտության որևէ կողմի», – ասել էր Նոզարին։Արևմտյան և ուկրաինական պաշտոնյաներն անցյալում թերահավատությամբ են վերաբերվել նման հերքումներին՝ նշելով, որ բավական շատ փաստեր կան, որ Իրանը զենքեր, օրինակ՝ «Շահեդ» անօդաչուներ է մատակարարում Ռուսաստանին։ Եվրոպական Միության արտաքին քաղաքականության հարցերով խոսնակ Պետեր Ստանոն էլեկտրոնային փոստով պատասխանել է թեմայի շուրջ հարցին։

«Մենք տեղյակ ենք այն վստահելի տեղեկությունների մասին, որ տրամադրել են դաշնակիցները իրանական բալիստիկ հրթիռների՝ Ռուսաստան մատակարարման վերաբերյալ», – գրել է նա։

Ստանոն հավելել է, որ ԵՄ ղեկավարները նախկինում հստակ ասել են, որ «արագ և միջազգային գործընկերների հետ համագործակցությամբ կարձագանքեն նման քայլին, այդ թվում՝ Իրանի դեմ նոր և զգալի սահմանափակող միջոցներով»։

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը նույնպես անդրադարձել էր այդ հրապարակումներին՝ նշելով, որ միշտ չէ, որ դրանք ճիշտ են։

Միևնույն ժամանակ նա ասել էր, որ Մոսկվան և Թեհրանը զարգացնում են համագործակցությունը բոլոր, այդ թվում՝ ամենազգայուն ոլորտներում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս