Ցեղասպանագետների միջազգային ընկերակցությունն ընդունել է ԼՂ-ում ցեղասպանական գործողության վերաբերյալ բանաձև
Ցեղասպանագետների միջազգային ընկերակցությունն ընդունել է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության բանաձևը։ «Ֆեյսբուք»-ի իր էջում այս մասին գրել է ցեղասպանագետ Սուրեն Մանուկյանը։
Նա նշել է, որ Ցեղասպանագետների միջազգային ընկերակցությունը ցեղասպանություններն ուսումնասիրող ամենամեծ և ամենահեղինակավոր կազմակերպությունն է, որի անդամ են մոտ 700 ցեղասպանագետ։
Ըստ դրա Կազմակերպությունը հայտարարում է, որ․
1. 2022 թ․ դեկտեմբերից մինչև 2023 թ․ սեպտեմբեր Լեռնային Ղարաբաղի արգելափակումը, այդ թվում` Լաչինի միջանցքի փակումը, որակվում է որպես կյանքի այնպիսի պայմանների ստեղծում, որոնք հանգեցնելու են էթնիկ հայերի ֆիզիկական ոչնչացմանը կամ տեղի հայերին ֆիզիկական վնաս պատճառելուն, որոնք ՄԱԿ-ի Ցեղասպանության կոնվենցիայով համարվում են ցեղասպանական գործողություններ:
2. 2023 թ․ սեպտեմբեր-հոկտեմբերին էթնիկ հայերի հարկադիր տեղահանումը արգելափակման և ռմբակոծման միջոցով էթնիկ զտում և մարդկության դեմ ուղղված հանցագործությունն է` բռնի տեղափոխում և տեղահանություն:
3. խաղաղ բնակչության ռմբակոծումը միջազգային մարդասիրական իրավունքի խախտում է:
4. հայ ռազմագերիների և խաղաղ բնակիչների խոշտանգումը և սպանությունը միջազգային մարդասիրական իրավունքի խախտում է: