Տղամարդը որսորդական հրացանով կրակոցներ էր արձակել օդ
ՆԳՆ ոստիկանության Արարատի մարզային վարչության և Արտաշատի բաժնի ծառայողները, համատեղ իրացնելով օպերատիվ տեղեկությունները, սեպտեմբերի 4-ի ժամը 22.05-ին խուլիգանություն կատարելու կասկածանքով Արտաշատ քաղաքի Արազի փողոցում ձերբակալել և բաժին են տարել նույն փողոցի բնակիչ 59-ամյա մի տղամարդու: Արտաշատի բաժնում հաստատվել է ստացված տեղեկությունը:
Պարզվել է, որ 59-ամյա տղամարդը, լինելով ոչ սթափ վիճակում, ժամը 21.35-ի սահմաններում իր տան մոտ՝ փողոցում, երկփողանի որսորդական հրացանով վեց կրակոցներ է արձակել օդ՝ կոպիտ կերպով խաթարելով հասարակական կարգը:
Հրացանը և կրակված փամփուշտները վերցվել են: Արտաշատցի տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Արարատի մարզային քննչական վարչություն:
Հանգամանքները պարզվում են: