Մասկը հայտնել է, որ ԱՄՆ-ում կպահանջեն փակել X-ը, եթե Հարիսն ընտրվի նախագահ
Իլոն Մասկը հայտնել է, որ ԱՄՆ իշխանությունները կպահանջեն փակել X հավելվածը, եթե նախագահ ընտրվի ԱՄՆ փոխնախագահ, Դեմոկրատական կուսակցությունից նախագահի թեկնածու Քամալա Հարիսը։
«[Բրազիլիայի դաշնային գերագույն դատարանի] կեղծ դատավոր Ալեշանդրի դի Մորայսը Apple-ին եւ Google-ին ստիպում է հեռացնել X-ը իրենց հավելվածներից [Բրազիլիայում]։ Դա տեղի կունենա նաեւ այստեղ (ԱՄՆ-ում), եթե [ԱՄՆ փոխնախագահ] Քամալա [Հարիսը] ընտրվի [պետության ղեկավարի պաշտոնում]»,- գրել է նա X-ում։
X-ը օգոստոսի 17-ին հայտարարել է, որ փակում է իր ներկայացուցչությունը Բրազիլիայում աշխատակիցներին ներկայացվող սպառնալիքների պատճառով։ Ընկերությունը հավաստիացրել է, որ իր տրամադրության տակ է հայտնվել երկրի դաշնային գերագույն դատարանի դատավոր Ալեշանդրի դի Մորայսի գաղտնի որոշումը, որը սպառնացել է ներկայացուցչության իրավաբանական խորհրդականին ձերբակալել, եթե չկատարվի որոշ օգտահաշիվները փակելու կարգադրությունը։ Հետո դի Մորայսը դատարանի X-ի էջում տեղադրել է գրառում՝ Մասկին խորհուրդ տալով մեկ օրվա ընթացքում նոր օրինական ներկայացուցիչ նշանակել երկրում, արգելափակվել են նաեւ Բրազիլիայում գործարարին պատկանող Starlink Holding ընկերության հաշիվները։ Գործարարն ինքը այս որոշումն անօրինական է անվանել։
Օգոստոսի 30-ին բրազիլացի դատավորը կարգադրել էր ամեն օր 50 հազար ռեալով (մոտ 9 000 դոլար) տուգանել այն անձանց եւ ընկերություններին, որոնք կօգտագործեն «տեխնոլոգիական հնարքները» եւ կշարունակեն օգտվել X-ից։