Բելառուսի պահանջով ՀՀ-ում ձերբակալված Դիանա Մոիսեենկոն ազատ է արձակվել. նա ապաստանի դիմում է ներկայացրել
Բելառուսի պահանջով Հայաստանում ձերբակալված Դիանա Մոիսեենկոն ազատ է արձակվել, սակայն նա դեռ չի կարող լքել երկիրը։ Այս մասին նա ասել է Ազատություն ռադիոկայանի բելառուսական ծառայությանը։
Մոիսեենկոն սեպտեմբերի 2-ին բերման է ենթարկվել վրաց-հայկական սահմանին, որից հետո նրան տարել են Նոյեմբերյան քաղաքի ոստիկանական բաժանմունք։ «Ինձ տարան մի գրասենյակ, հետո մյուս գրասենյակ, ասացին, որ իրավունք չունեն տեղեկատվություն հրապարակել։ Ինչպես հասկացա, օպերը եկավ ու ասաց, որ հետախուզման մեջ եմ։ Նրանք ինձ տարան տեղի ոստիկանություն։ Այնտեղ արձանագրություն ստորագրեցին և ասացին, որ մինչև դատը 72 ժամով կկալանավորեն։ Բնականաբար, ես շոկի մեջ էի»,- ասաց նա:
Նրա խոսքով՝ ինքը նույն օրը ազատ է արձակվել, իսկ սեպտեմբերի 3-ին գնալու է փաստաբանի մոտ՝ Երևան։ «Տեսականորեն ինձ չեն կարող արտահանձնել, բայց մտավախություն ունեմ, որ Բելառուսից ուժայինները կարող են գալ և ինձ տանել։ Ես չգիտեմ, թե որքանով է սա իրատեսական։ Ուստի ես արդեն հայց եմ ներկայացրել Հայաստանում քաղաքական ապաստան ստանալու համար»,- ասել է Մոիսեենկոն։
Հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 342 հոդվածի հատկանիշներով («Հասարակական կարգը կոպտորեն խախտող գործողություններ կազմակերպելը և նախապատրաստելը, կամ դրանց ակտիվ մասնակցելը»): Գործում կա 150 էջ, մանրամասները նրան անհայտ են։
«Ենթադրվում է, որ ես նույնպես ներգրավված եմ իմ հայրիկի գործով, այնտեղ ասվում է, որ ես և հայրս դավադրության մեջ ենք եղել և միասին մասնակցել ենք բողոքի ակցիաներին», – ասաց նա: Մոիսեենկոն նախկին քաղբանտարկյալ Անդրեյ Իվանյուշինի դուստրն է։ Նա Բելառուսը լքել է 2023 թվականին։
2024 թվականի փետրվարին բելառուս Յարոսլավ Նովիկովը ձերբակալվել էր հայ-վրացական սահմանին։ Բելառուսում նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել զինվորական ծառայությունից խուսափելու համար (Բելառուսի Հանրապետության քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 1-ին մաս): Անցյալ տարվա սեպտեմբերին Բելառուսի իշխանությունները նրան միջպետական հետախուզման մեջ էին մտցրել։