
Ֆոն դեր Լայենը կստեղծի ԵՄ ընդլայնման հարցերով եվրահանձնակատարի առանձին պաշտոն

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտնել է, որ ԵՄ գործադիր մարմնի նոր կազմում կստեղծվի ընդլայնման հարցերով հանձնակատարի առանձին պաշտոն։ Այս մասին նա ասել է Սլովենիայի Բլեդ քաղաքում ռազմավարական ֆորումում ունեցած ելույթում, գրում է European Pravda-ն։
Ֆոն դեր Լայենն ընդգծել է, որ Եվրահանձնաժողովի ղեկավարի պաշտոնում իր առաջին ժամկետի ընթացքում «ընդլայնման հարցը վերադարձել է քաղաքական օրակարգի գլխավոր կետ», և դրանում փոքր դեր չի խաղացել Ուկրաինայի դեմ Ռուսաստանի լայնածավալ պատերազմը։
«Մենք ձգտում ենք ուժեղ, մրցունակ և ապահով Եվրոպայի, որը ներառում է Արևմտյան Բալկանները, ինչպես նաև Ուկրաինան և Մոլդովան և բոլոր նրանց, ում եվրոպական նկրտումները համապատասխանում են իրենց գործողություններին», – ասել է նա:
Եվրահանձնաժողովի նախագահն ընդգծել է, որ ԵՄ-ն «ժողովրդավարությունների համայնք է», հետևաբար այն երկրները, որոնք ձգտում են դառնալ դրա մաս, պետք է իրականացնեն անհրաժեշտ բարեփոխումներ և լուծեն երկկողմ վեճերը։
«Ես ուզում եմ, որ ընդլայնմանն ուղղված մեր աշխատանքը էլ ավելի արագանա։ Հաջորդ Հանձնաժողովում ընդլայնումը պետք է լինի մշտական գործունեություն, որը թույլ կտա դրան լիարժեք ուշադրություն դարձնել: Այդ իսկ պատճառով ես կնշանակեմ ընդլայնման հարցերով հատուկ հանձնակատար։ Եկեք միասին գրենք պատմությունը»,- հայտարարել է ֆոն դեր Լայենը։