Խիտ ծառեր, մաքուր, կանաչ գոտի, ժամանակակից շատրվաններ, խնամք և հոգատարություն. «Սիզընս» այգին ամենասիրելիներից է
Կանաչ մայրաքաղաք ունենալն Ալեքսանդր Թամանյանի մեծ ցանկություններից էր. շատերը գիտեն, որ նա Երևանին «կանաչ թոքեր» նվիրելու նախագիծն ուներ դեռևս 1926 թվականից։
Մայրաքաղաքի կանաչապատ այգիների ու պուրակների մեծ մասը հենց Թամանյանի ժառանգությունն է Երևանի բնակիչներին ու հյուրերին։
Հին երևանաբնակները փաստում են՝ Անգլիական և Սիրահարների այգիների հետ մեկտեղ՝ ամենաշատը սիրում էին Գլխավոր պողոտայի՝ Սարյան-Մաշտոց փողոցների միջանկյալ հատվածում տեղակայված այգին՝ հայտնի «Բուլվարը», որն այսօր կոչվում է «Սիզընս» այգի։
Հաստաբուն և սաղարթախիտ ծառեր, կանաչ խոտածածկ տարածք, գերժամանակակից շատրվաններ, կանոնավոր մաքրություն, մշտապես խնամք և հոգատարություն. «Սիզընս» այգին այսօր էլ է շատերի ամենասիրելին՝ ընտանիքների, երեխաների, երիտասարդների ու մեծահասակների համար անփոխարինելի վայր։
Բոլորիս սիրելի այգին 90-ականներին անխնամ վիճակում էր հայտնվել, չէին գործում շատրվանները, բետոնե հատակը կոռոզիայի էր ենթարկվել. տարածքը գրեթե աղբավայրի էր վերածվում։
2021 թվականի ամռանն այգին վերագործարկվեց «Երեմյան Փրոջեքթս» ընկերության կողմից։ Ընկերությունը պահպանել է այգու ու քաղաքի ճարտարապետական դիմագիծը, զբաղվում է կանաչ տարածքների և ընդհանուր այգու խնամքով ու մաքրությամբ։
«Առանձնահատուկ խնամքով ու հոգատարությամբ ենք պահպանում այս այգին»,-նշում է «Երեմյան Փրոջեքթսի» հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության ղեկավար Անահիտ Գևորգյանը և հավելում. «Երևանյան միջավայրի, այգիների, ու մեզ հասած արժեքների պահպանումը մեր ընկերության կորպորատիվ սոցիալական պատասխանատվության հայեցակարգի կարևոր մասն են կազմում։ Այս այգին էլ Ընկերության կառավարման ներքո անցնելուց հետո յուրահատուկ մոտեցմամբ է սպասարկվում մեր կողմից։ Ոչ մի ծառ չենք կտրել. հատուկ մասնագիտական խումբը խնամում է դրանք, ձեռնարկում բոլոր միջոցառումները բույսերի ու ծառերի կանոնավոր աճն ապահովելու համար։ Ամեն տարի մեր ընկերության ամբողջ թիմը միավորված ծառատունկ է իրականացնում, որին մասնակցում են նաև աշխատակիցների ընտանիքները, երեխաները։ Այգու այցելուների անվտանգ զբոսանքն ապահովելու համար մենք քաղաքում առաջինն արգելեցինք ինքնագլորների շահագործումը։ Խոտածածկը ևս հատուկ խնամք ունի, կանոնավոր ոռոգվում է, մաքրվում և մշակվում է»։
Սիզընս այգում խոտածածկը պարտերային է, դեկորատիվ բնույթի, այն գեղեցիկ է, հարթ, սակայն նախատեսված չէ պառկելու, քայլելու, վազվզելու համար։ Այն, որպես կանոն, ավելի շուտ էսթետիկական գործառույթ է կատարում, նուրբ է և զգայուն, իսկ ակտիվ շահագործումից կարող է շատ արագ թոշնել, փչանալ։ Դրա համար էլ քաղաքացիներին այստեղ խնդրում են չքայլել խոտերի վրայով, միասնաբար պահպանել այգու կանաչ տարածքները։
Այգին մշտապես խստորեն հսկվում է անվտանգության աշխատակիցների կողմից՝ այգուց օգտվելու կանոնակարգերը հստակ են և պարտադիր բոլորի համար, որպեսզի հյուրերի անցկացրած ուրախ ժամանցը չխաթարի այգու բարեկարգ վիճակը։
Այգում ակտիվ է ամբողջ տարի։ Ընդհանուր «Սիզընս» համալիրի կոնցեպտին համապատասխան՝ այգին ևս գործում է «Բոլոր եղանակները ձեզ համար» կարգախոսով, և տարվա բոլոր եղանակներին այստեղ հետաքրքիր ու յուրահատուկ երաժշտական ծրագրեր, համերգներ և տարաբնույթ միջոցառումներ են անցկացվում. ամռան ամիսներին ամենասպասված են այգու գերժամանակակից, միջազգային լավագույն տեխնոլոգիաներով աշխատող շատրվանների լուսագունային և լազերային շոուներն ու տարաբնույթ տոնավաճառները, իսկ ձմռանն այգին վերածվում է հեքիաթային ու գունեղ ամանորյա Seasons Park Station-ի` իր կարմիր տաղավարներով և քաղաքի ամենայուրահատուկ տոնածառով։
Այս օրերին էլ է այգին ակտիվորեն պատրաստվում դպրոցական դասերին ընդառաջ իրականացվող և երևանյան ոսկե աշնանը բնորոշ վառ ու գունեղ իրադարձությունների։