Բաժիններ՝

Հութիները Կարմիր ծովում հարձակվել են երկու նավթատար լցանավի վրա

Եմենի հութիները Կարմիր ծովում հարձակում են գործել երկու նավթատար լցանավի վրա։

Այս մասին հաղորդել է ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը։

Լցանավերից մեկը նավարկում էր Սաուդյան Արաբիայի դրոշի տակ (Amjad), իսկ մյուսը՝ Պանամայի (Blue Lagoon I)։ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հայտնել է, որ հութիները լցանավերին հարվածել են երկու բալիստիկ հրթիռներով և անօդաչու թռչող սարքով։ 

«Հութիների կողմից ահաբեկչական այս անխոհեմ գործողությունները շարունակում են ապակայունացնել տարածաշրջանային և գլոբալ առևտուրը, ինչպես նաև վտանգի տակ դնել քաղաքացիական նավաստիների և ծովային էկոհամակարգերի կյանքը», – գրել է հրամանատարությունը X սոցիալական հարթակում։

Երկու լցանավերն էլ բեռնված են եղել նավթով։ Ըստ ԱՄՆ զինված ուժերի՝ Amjad նավում եղել է 2 միլիոն բարել նավթ՝ գրեթե երկու անգամ ավելի, քան օգոստոսի 21-ին հութիների հարձակմանը ենթարկված հունական լցանավում, որը դեռ այրվում է և կարող է բնապահպանական աղետի պատճառ դառնալ։ 

Ըստ Reuters-ի՝ հութիները ստանձնել են Blue Lagoon I-ին հարվածներ հասցնելու պատասխանատվությունը, սակայն Սաուդյան Արաբիայի լցանավին հարվածելու մասին ոչինչ չեն հայտնել։

Reuters-ի երկու աղբյուրները նշել են, որ նավերը նավարկում էին միմյանցից ոչ հեռու և հարվածներից հետո շարունակել են իրենց ուղևորությունը՝ առանց լուրջ վնասների և տուժածների։

Աղբյուրներից մեկն ասել է, որ Amjad-ը, հնարավոր է, ուղղակիորեն չի թիրախավորվել։ Հութիները Կարմիր ծովով անցնող նավերը սկսել են թիրախավորել 2023 թ. նոյեմբերից՝ իրենց աջակցությունը հայտնելով պաղեստինցիներին Գազայի հատվածում, որտեղ Իսրայելը ռազմական գործողություններ է վարում ՀԱՄԱՍ արմատական շարժման դեմ։ Հութիներն այս ընթացքում ավելի քան 70 հարձակում են գործել նավերի վրա, որոնցից երկուսը խորտակվել են, մեկը՝ գրավվել։ Սպանվել է առնվազն երեք ծովագնաց։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս